Բաժիններ՝

Բեքչյանը հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ. սպասվում է Աթեշյանի պաշտոնական հրաժարականը

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ: Այս մասին նա հայտնել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Ստամբուլ վերադառնալուն պես ակնկալում եմ, որ Արամ սրբազանն ինձ ներկայացնի գրավոր հրաժարականի դիմումը: Հրաժարականի մասին հայտարարությունը մամուլի միջոցով կտարածենք մեր համայնքի անդամներին»,- հայտնել է Բեքչյանը:

Նա տեղեկացրել է, որ Ստամբուլ վերադառնալուց հետո առաջին գործը լինելու է Հոգևոր խորհուրդ գումարելը: «Խորհրդի նիստից հետո կհանդիպենք Ստամբուլի նահանգապետարանի հետ ու նրանց կհայտնենք մեր որոշումները: Դրանից հետո մեկ այլ ժողով կգումարենք Նախաձեռնող մարմին կազմելու համար»,- ասել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահը:

Պատրիարքական ընտրությունների գործընթացի առնչությամբ խոսել է նաև Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Նա տեղեկացրել է, որ եթե Բեքչյանի վերառանալու ժամանակ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարականի դիմում չներկայացնի, ապա հոգևոր խորհուրդը նրան այդ պաշտոնից ազատելու մասին որոշում կարող է կայացնել: «Արամ սրբազանի հրաժարականից հետո պաշտոնապես պարիարքի ընտրության գործընթացը կարելի է մեկնարկած համարել: Եթե Բեքչյանի գալուց հետո Աթեշյանը հրաժարական չներկայացնի, ապա Հոգևոր խորհուրդը կարող է նրան հեռացնել այդ պաշտոնից: Քանի որ այդ խորհուրդն է նրան կարգել պատրիարքական փոխանորդ, ապա խորհուրդն էլ իրավունք ունի նրան հեռացնել այդ պաշտոնից: Սակայն չեմ կարծում, որ նման սցենարներ լինեն»,- ասել է Մաշալյանը:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:

Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս