Բաժիններ՝

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Պատճառը Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում իրականացնելու գործով մի շարք անձանց, այդ թվում և Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումն է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Պաշտոնական Անկարան հարձակումն իրականացրած թուրքերին ձերբակալելու մասին որոշումը որակել է որպես «սխալ, կողմնապահ և իրավական հիմք չունեցող»: «ԱՄՆ դեսպանին ասել ենք, որ Վաշինգտոնում մեր դեսպանատան դիմաց ծեծկռտուքը տեղի է ունեցել այն պատճառով, որ տեղական իրավապահ մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Եթե ԱՄՆ-ը ձեռնարկեր այն քայլերը, որոնք արվում են նման բարձրաստիճան այցերի ժամանակ, նման խնդիր չէր լինի, հետևաբար և մեր քաղաքացիները պատասխանատվության չէին ենթարկվի»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ից:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, թե որոշումը կայացվել է առանց անկողմնակալ ու անկախ հետաքննության: Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

«Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները», – ասել է Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու անձ է ձերբակալվել, որոնք նույնպես մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարների դեմ իրականացված հարձակմանը: Նրանցից մեկը շինարարական ընկերության սեփականատեր Էյուփ Յըլդըրըմն է Նյու Ջերսիից, մյուսը` Վիրջինիա նահանգի բնակիչ Սինան Նարինը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մայիսի 16-ին մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից:

Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, պետքարտուղար Թիլերսոնը՝ անընդունելի համարելով թուրքական հաշվեհարդարը Վաշինգտոնի կենտրոնում, Վաշինգտոնի քաղաքապետը և մի խումբ կոնգրեսականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս