Վաշինգտոնում Էրդողանի այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակվածներից 12-ը կձերբակալվեն
Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:
«Ինչպես ավելի վաղ հայտնել եմ արդեն, դատապարտում եմ այս հարձակումը: Դա հակասում է մեր արժեքներին, քանի որ հարձակում էր ամերիկացիների հիմնարար իրավունքների կատարման դեմ: Մենք կոչված ենք պաշտպանելու և պահպանելու այդ իրավունքները»,- ինչպես հաղորդում է The Armenian Weekly-ն, ասել է Վաշինգտոնի քաղաքապետը՝ ավելացնելով, որ ցանկանում են հստակեցնել իրենց դիրքորոշումը: «Մեր մայրաքաղաքում պարբերաբար խաղաղ ցույցեր են տեղի ունենում: Միլիոնավոր մարդիկ են գալիս այստեղ խաղաղ ցույցեր անցկացնելու համար»,- ասել է Բոուսերը:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի ոստիկանությանը և ողջունել է այս քայլը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆում երկու անձ է ձերբակալվել, որոնք նույնպես մասնակցել են Վաշինգտնում Թուրքիայի դեսպանության առջև հայ, քուրդ և ամերիկացի ցուցարարների դեմ իրականավցած հարձակմանը: Նրանցից մեկը շինարարական ընկերության սեփականատեր Էյուփ Յըլդըրըմն է Նյու Ջերսիից, մյուսը` Վիրջինիա նահանգի բնակիչ Սինան Նարինը: