Դոնարուման որոշել է հեռանալ «Միլանից»
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ակումբի հետ պայմանագիրը չի երկարաձգի, որը լրանում է 2018 թվականի ամռանը: Այդ մասին տեղեկացրել է ակումբի տնօրեն Մարկո Ֆասոնեն: «Խաղացողի գործակալ Մինո Ռայոլան մեզ տեղեկացրել է, որ Դոնարուման ընդունել է «Միլանի» հետ պայմանագիրը չերկարաձգելու վերջնական որոշում: Մենք լավ առաջարկ ենք արել:
Խաղացողը գնահատել է այն և արել որոշակի փոփոխություններ՝ ոչ միայն տնտեսական բնույթի: Դոնարուման մեզ տեղեկացրել է պայմանագիրը երկարաձգել չցանկանալու մասին: Այդպիսով, նրա ժամանակը «Միլանում» կավարտվի 2018 թվականի հունիսի 30-ին»,- ասել է Ֆասոնեն:
Միաժամանակ, նա նշել է, որ Դոնարումայի որոշումն իրենց զարմացրել է: «Նպատակ ունեինք, որ նա կդառնա այնպիսի դարպասապահ, ով ապագայում «Միլանը» կտանի իր հետևից: Իհարկե, նրա որոշումը բերանում դառը համ է թողել, բայց մեզ պետք է առաջ շարժվել»,- Ֆասոնեի խոսքն է մեջբերել Football Italia-ն: