
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգի և a1plus.am կայքում հրապարակված հայտարարության առիթով Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել կալանավորված անձանց հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման հարցերը:
Ազատությունից զրկված անձանց բարձրացրած իրավունքների ապահովման և բժշկական օգնություն տրամադրելու հարցերը աշխատանքային կարգով անմիջապես քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, և կստանան համապատասխան լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված խնդիրները սահմանված կարգով ամփոփվում են՝ ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրություն ուղարկելու նպատակով: