Սիրիական մամուլը հրապարակել է ԼՂ հակամարտության մասին դեսպան Փոլադյանի հոդվածը
Սիրիական պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» արաբերեն ծավալուն հոդվածը: Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Արաբամահմեդական աշխարհում Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելու նատակով՝ սիրիական «Ալ-Վատան», «Ալ-Ազմինե» և այլ պարբերականներում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ» վերնագրով արաբերեն լեզվով ծավալուն հոդվածը:
«Ալ-Վատան» օրաթերթը և «Ալ-Ազմինե» էլեկտրոնային ամսագիրը Սիրիայում ընթերցողների ամենամեծ լսարան ունեցող լրատվամիջոցներից են և սկզբնաղբյուր են հադիսանում սիրիական մյուս ԶԼՄ-ների համար: Երկուսն էլ պարբերանար հրապարակում են հայանպաստ հոդվածներ և նյութեր: Մայիսի 28-ին առաջին հանրապետության 99-րդ տարեդարձի առիթով «Ալ-Վատան» պարբերականն իր ընթերցողին է ներկայացրել դեսպան Փոլադյանի «Հայաստանի Առաջին Հանրապետությունը 1918-1922թթ.» խորագրով հոդվածը: Հունիսի 8-ին «Ալ-Ազմինեում» լույս է տեսել դեսպան Ա. Փոլադյանի «Հայկական Հարցի մասին» վերնագրով հոդվածը:
Հեղինակը, աղբյուրագիտական տվյալների հենքի վրա, համապարփակ կերպով ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության էությունը: Հոդվածում ներկայացվում է նաև Արցախի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև խորհրդայնացման շրջան, երբ Արցախի ժողովրդի կամքին հակառակ՝ խորհրդային ինշխանությունները որոշում կայացրին երկրամասը մտցնել նորաստեղծ ադրբեջանական խորհրդային հանրապետության կազմի մեջ: Հիմնվելով պատմական աղբյուրների վրա, հեղինակը բացահայտում է այս որոշման հիմքում պատմական արդարության բացակայությունը և արաբախոս ընթերցողին համոզիչ փաստարկներ ներկայացնում, որ Արցախը մշտապես եղել է Հայաստանի պատմական անբաժան մասը և պատմական, աշխարհագրական, մշակութային և էթնիկ ընդհանրություն չի ունեցել Ադրբեջանի հետ:
Հեղինակը, իրավամբ, ընդգծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դարերի ընթացքում իր պատմական հողերի վրա ապրող խաղաղ մի ժողովրդի կողոպտված իրավունքների պատմություն է: Մի ժողովուրդ, որը պայքարել է իր արդարացի իրավունքի, ազատության, ստեղծագործելու, արժանապատիվ կյանքի, և «այս արևի տակ» իր տեղն ու դերն ունենալու համար:
Այնուհետև, հոդված նկարագրվում է Արցախի պատմության ժամանակակից շրջանը՝ սկսած արցախյան շարժման մեկնարկից և Ղարաբաղի բնակչության դեմ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողություններից մինչև Արցախի հաղթական գոյամարտը և հրադադարի համաձայնագրերը:
Հեղինակը մերկացնում է Մինսկի խմբի կողմից միջնորդված խաղաղ բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի համար բնականոն վիճակ է դարձել նախագահական գագաթաժողովներից կամ նախարարների մակարդակով բանակցություններից հետո հակասական և իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով հանդես գալն ու Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի երկայնքով լարված իրավիճակ ստեղծելը:
Հոդվածում ներկայացվում է թե ինչպես են ադրբեջանական իշանությունները տարիներ շարունակ ջանում աղավաղել հակամարտության էությունը և ներկայացնել այն որպես մահմեդական ադրբեջանցիների դեմ քրիստոնյա հայերի ագրեսիա՝ այս կերպ փորձելով կորզել արաբամահմեդական աշխարհի կարեկցանքն ու քաղաքական աջակցությունը ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպությունում և միջազգային այլ հարթակներում:
Դեսպան Ա. Փոլադյանն արաբական լայն լսարանին է ներկայացնում 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարության պաշտոնական արձագանքն Ադրբեջանի ուխտադրուժ հարձակման կապակցությամբ:
Ապա հոդվածի հեղինակը նշում է, որ տասնամյակների ընթացքում սեփական ժողովրդի գիտակցության մեջ հայատյացության սերմանումը և մի ամբողջ ազգի՝ հայ ժողովրդին որպես ահաբեկիչ ներկայացնելը միանշանակ խոսում է այն մասին, որ ադրբեջանական իշխող շրջանակների մոտ բացակայում է ղարաբաղյան հակամարտությանը խաղաղ և արդար լուծում տալու պատրաստակամությունը:
ԼՂ հակամարտության մասին սիրիական մամուլի հրապարակումները տարածել է նաև լիբանանյան «Ազդակ Արաբիկ» լրատվական կայքէջը»: