Թուրքական դատարանը մերժել է պատգամավոր Բերբերօղլուին ազատելու մասին բողոքարկումը
Թուրքիայի քեմալական ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալին 25 տարվա ազատազրկման դատապարտելու՝ Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Դատարանը, սակայն, մերժել է ներկայացված բողոքը:
Ի պաշտպանություն Բերբերօղլուի՝ հունիսի 15-ին Անկարայից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարությամբ սկսվել է քայլերթ դեպի Ստամբուլ: Քայլերթը շարունակվելու է 28 օր:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:
Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: