«Այս պահին Իրանը դեռևս պատրաստ չէ` որպես ակտիվ խաղացող ներգրավվել տարածաշրջանային հակամարտություններում»

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի հետ

Պարոն Գիրագոսյան, Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ի՞նչ զարգացումներ են հնարավոր տարածաշրջանում։

– Ի՞նչն է առավել կարևոր Թեհրանում «Իսլամական պետության» իրականացրած հարձակման խնդրում. տեղացի իրանցիների օգտագործումը խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակումների ժամանակ անակնկալ չէր։ Դրա համար կա երկու պատճառ. առաջինը՝ այդ հարձակումը հաջողված էր, բայց այն Իրանում ահաբեկչության 15-րդ փորձն էր վերջին 2 տարում։ Նախկին 14 փորձերը ձախողվել էին կամ չէին հասցվել ավարտին։ Այս մեկը հաջողվեց։ Երկրորդ պատճառը, որ անակնկալ չէր, «Իսլամական պետությունն» արդեն փորձել էր Իրաքում շիաներին հանել սուննիների դեմ և հարձակվել շիաների վրա՝ հրահրելու նոր հակամարտություն Իսլամի հետ, որովհետև «Իսլամական պետությունը» սուննի է, շիա չէ։ Այս անգամ նրանք փորձեցին հարձակվել Իրանի կառավարության վրա, որովհետև այն աջակցում է Ասադին Սիրիայում։ Սա աշխարհաքաղաքական պատճառն է։

Տեսակետ կա, որ Իրանը խստացնելու է իր քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ իսլամական ծայրահեղականներին աջակցողների մեջ առաջին շարքերում Ադրբեջանն է։ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կլարվե՞ն։

– Տեսեք, մի կողմից՝ Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ արդեն լարվել են և բարդացել երկու պատճառով: Նախ՝ Իրանը միայն շիաների երկիր է, և չի ընդունում որևէ այլ մարտահրավեր՝ իր առաջնորդության հետ կապված։ Ադրբեջանը տեխնիկապես շիա է, բայց լուրջ խնդիրներ ունի Իրանի հյուսիսում տարածքային վեճերի հետ կապված, և Ադրբեջանը փորձում է Իրանի դեմ օգտագործել էթնիկ ադրբեջանցիների գործոնը։ Դա նշանակում է, որ մի կողմից՝ նրանք միշտ ունեցել են լարված հարաբերություններ, և նույն պատճառով Իրանի նախագահ Ռուհանին Ադրբեջանին առաջնահերթություն է տալիս անգամ ավելի, քան Հայաստանին, քանի որ նրա առաջնային խնդիրն է՝ զարգացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ։

Եվ վերջին շրջանում Իրանն Ադրբեջանի հետ տասնապատիկ ավելի շատ է պայմանագրեր կնքել, քան Հայաստանի հետ։

– Հետաքրքիրն այն է, որ դրա նախաձեռնողն Ադրբեջանն է, ո՛չ Իրանը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը փորձում է «հարվածել» և մրցակցել Հայաստանի հետ, փորձում է ավելի արագ շարժվել և ավելի շատ պայմանագրեր կնքել Իրանի հետ այդ երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների թուլացումից հետո, փորձում է ավելի մերձենալ Իրանին, քան Հայաստանը։ Այսինքն՝ դա Ադրբեջանի PR ուղղվածությունն է։ Բայց այնպես չէ, որ այս իրավիճակն Իրանին գոհացնում է, որովհետև պայմանագրերը մակերեսային են և իրականում չեն փոխում այդ երկու երկրների հարաբերությունների բալանսը, ոչ էլ այդ պայմանագրերի կյանքի կոչումն է իրատեսական։

Անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, որ նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներ են, որևէ կերպ արձագանքեն Իրանում ահաբեկչությունից հետո։

– «Իսլամական պետությունը» չի թիրախավորել մեզ կամ տարածաշրջանը։ Եվ այստեղ չկա որևէ անհրաժեշտություն, որ Մինսկի խմբի կողմից արձագանք լինի։

Վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն անպայման հասնելու է նրան, որ ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանձնվի, և իսլամական ծայրահեղականների դեմ պայքարում կարող է օգտագործվել նաև Գյումրու ռուսական ռազմաբազան։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Ե՛վ այո, և՛ ոչ։ Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կօգտագործի կամ քննարկում է օգտագործել իր բոլոր ռազմական բազաները, այդ թվում, իհարկե, Գյումրիում տեղակայված բազան։ Դա չի նշանակում, որ նրանք անպայման կօգտագործեն այս բազան։ Բայց արդեն երկրորդ անգամն է, որ Լավրովն ասում է, որ Հայաստանը կարող է որևէ կերպ ներգրավված լինել Սիրիայում կամ «Իսլամական պետության» դեմ ռուսական ռազմական գործողություններին։

Այդ հայտարարությունը ծայրահեղականների ուշադրությունը չի՞ հրավիրի Հայաստանի վրա։

– Այո, դա ցույց է տալիս որոշակի սպառնալիք Հայաստանի համար՝ Միջին Արևելքում Ռուսաստանի ջանքերին աջակցելու դեպքում։

ԱՄՆ նախագահ Թրամփը, ի վերջո, ի՞նչ քաղաքականություն կորդեգրի Իրանի հարցում. կարծես հարաբերությունները նորից լարվո՞ւմ են։

– Բարեբախտաբար, չնայած Թրամփի վարչակազմի խոստումներին, մենք դեռևս չենք տեսնում որևէ քայլ՝ ուղղված Իրանի հետ ատոմային համաձայնագիրը տապալելուն։ Եվ, բարեբախտաբար, մենք հուսով ենք, որ Իրանի շուրջ դրական զարգացումները կշարունակվեն։ Բայց մարտահրավերն այն է, որ Թրամփը վտանգավոր է, անկանխատեսելի և անխոհեմ։

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Իրանն ի՞նչ դեր կարող է ունենալ Ղարաբաղյան հակամարտութան կարգավորման գործընթացում։

– Անցած տարի ապրիլին մենք տեսանք Իրանի արձագանքը։ Այս պահին Իրանը դեռևս պատրաստ չէ՝ որպես ակտիվ խաղացող ներգրավվել տարածաշրջանային հակամարտություններում։ Բայց դա ժամանակավոր է։ Հայաստանի համար դա կարևոր է, որովhետև մինչև հիմա Իրանը մեկուսացված էր, տարածաշրջան էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև ու Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Այժմ դա փոխվում է, որովհետև Իրանը վերադառնում է, և 3 մրցակիցներ են լինում՝ Արևմուտքը, Իրանը և Ռուսաստանը, այնպես՝ ինչպես  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Սա նոր հնարավորություն է Հայաստանի համար՝ ավելի լավ օգտագործելու այս երեք կողմերի միջև մարտահրավերներն ու մրցակցությունը։

Պարոն Գիրագոսյան, 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն։

– Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։

Մենք դեռևս չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռևս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը և այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ և կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան։

Այդ ժամանակ, երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, Ղարաբաղի հետ կապված վտանգներ տեսնո՞ւմ եք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական բանակը չի ունենա գլխավոր հրամանատար, խաղաղ պայմաններում այն կղեկավարի պաշտպանության նախարարը, իսկ պատերազմական իրավիճակում՝ ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը։

– Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որևէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետև Հայաստանն ապակայունացել է և թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ։

Ձեր կարծիքով՝ այդ ժամանակ ի՞նչ դեր կունենա Ազգային անվտանգության խորհուրդը, որը, ըստ շրջանառվող լուրերի, մտադիր է ղեկավարել Սերժ Սարգսյանը։

– Նախևառաջ՝ ես կարծում եմ, որ շատ լուրջ խնդիր է եղել, որ տարիներ շարունակ մենք չենք ունեցել Ազգային անվտանգության խորհրդի ուժեղ ղեկավար, և խորհուրդը չի գործել այսքան ժամանակ։ Դա ցույց է տալիս, որ որոշում կայացնելու գործընթացը չի աշխատել։ Կարևոր չէ, թե ով կղեկավարի Ազգային անվտանգության խորհուրդը, այլ կարևոր է, թե ինչպես կղեկավարի այն։ Այլ կերպ ասած՝ եթե որոշում լինի՝ մեծացնել Ազգային անվտանգության խորհրդի դերը, դա դրական կլինի, բայց դա կախված է նաև նրանից, թե այդ պրոցեսն օրինակա՞ն է, այն չի՞ սահմանափակվում մեկ անձով, և այն ընդգրկվա՞ծ է նոր պառլամենտական կառավարման համակարգում։ Դա է խնդիրը։ Եթե խորհրդարանը պատասխանատու է, դա դրական է, եթե՝ ոչ, ապա վտանգ կա միակուսակցական կամ միանձնյա իշխանության։ Դա իրականում վտանգավոր է։

Բայց հիմա էլ ամեն ինչ կառավարվում է մեկ կուսակցության ղեկավարի կողմից։

– Այո, ես համաձայն եմ, այսինքն՝ վերջին ընտրություններից հետո այդ միակուսակցական կառավարման վտանգի միտումները շարունակվում են մեր երկրում։

Տեսանյութեր

Լրահոս