Ներկայացվել են էներգետիկ ոլորտի ներդրումային ծրագրերը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունիսի 14-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզին: Քննարկվել են էներգետիկ ոլորտում նախատեսվող ներդրումային ծրագրեր։

-Մենք պատրաստել ենք մի շարք ներդրումային ծրագրեր և այս պահին կցանկանայի ներկայացնել դրանցից երկուսը,-նշել է նախարարը՝ միաժամանակ ընգծելով, որ դրանով ներդրումային ծրագրերը չեն սահմանափակվի։

ԱՄՆ դեսպանին են ներկայացվել մասնավորապես «Շնող» հիդրոկայանի և Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության ջերմային կայանի կառուցման ծրագրերը։

«Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։

-Ծրագրի իրականացումը թույլ կտա օգտագործել առկա ջրային ներուժը։ Այն նաև հնարավորություն կընձեռի Լոռու մարզում նոր աշխատատեղերի ստեղծման համար,-ասել է Աշոտ Մանուկյանը։

Անդրադառնալով Հրազդանում կենցաղային աղբի վերամշակումից էլեկտրաէներգիայի արտադրության կայանի կառուցման ծրագրին՝ նախարարն առանձնացրել է վերջինիս ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական նշանակությունը՝ հատկապես նոր աշխատատեղերի ստեղծման առումով։

Ողջունելով ներկայացված նախանախաձեռնությունը՝  Ռիչարդ Միլզը ընդգծել է ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագրերը ներկայացնել ամերիկյան ընկերություններին։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը հանդիսանում է կառավարության գերակայություններից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս