Կատարն զբոսաշրջիկների առնվազն կեսը կկորցնի հարևանների հետ հարաբերությունների խզման պատճառով
Կատարի զբոսաշրջության հատվածն իր սպասարկյալների առնվազն կեսին կկորցնի հարեւան արաբական պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների խզման եւ նրանց կողմից վերջինիս նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցների հետեւանքով: Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:
Կատարի պլանավորման եւ վիճակագրության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, որոնք ներկայացնում է հեռուստաալիքը, անցյալ տարի Էմիրություն այցելած բոլոր զբոսաշրջիկների գրեթե 50 տոկոսը ժամանել է Պարսից ծոցի հարեւան պետություններից: Ըստ որում Սաուդյան Արաբիայից հյուրերը կազմում են Կատար ժամանող զբոսաշրջիկների ավելի քան մեկ երրորդը:
Նախարարության տեղեկատվությամբ՝ անցյալ տարի Դոհա ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թիվը կազմել է 2,91 միլիոն, նրանցից 1,4 միլիոնը հյուրերն են Պարսից ծոցի երկրներից: Նրանց թվում շուրջ 900 հազար զբոսաշրջիկներ ժամանել են Սաուդյան Արաբիայից: Նշվում է, որ Եվրոպայից զբոսաշրջիկների բաժինը չի գերազանցում ամեն տարի Կատար ուղեւորվող ճանապարհորդների 15 տոկոսը: Հունիսի 5-ին Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, Մալդիվյան Հանրապետությունը եւ Մավրիկիոսի Հանրապետությունը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ դա բացատրելով Էմիության կողմից ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության աջակցությամբ, նրա թշնամական քաղաքականությամբ եւ արաբական պետությունների գործերին միջամտությամբ:
Ավելի ուշ նրանց են միացել Մավրիտանիան եւ Կոմորյան կղզիները, իսկ Հորդանանը եւ Ջիբութին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը: Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ Եգիպտոսը լիովին փակել են իրենց օդային տարածությունը կատարական ինքնաթիռների համար եւ չեղարկել են իրենց ավիափոխադրողների թռիչքները Դոհա: Կատարում այդ մեղադրանքները համարում են անհիմն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: