«Երևանը ջրհեղեղի լուրջ վտանգի առաջ է կանգնած». Կարինե Դանիելյան
Դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգել էր, որ Երևանը կանգնած է ջրհեղեղի լուրջ վտանգի առաջ։ Հունիսի 12-ի երեկոյան տեղացած անձրևը մայրաքաղաքում ջրհեղեղային իրավիճակ էր ստեղծել, ինչը, ըստ բնապահպանի, կապված է սելավատարների և դրենաժային համակարգի փակման հետ։
«Սխալ քաղաքաշինության արդյունք է ամենը»,- մեզ հետ զրույցում ասաց բնապահպանը՝ նկատելով, որ Երևանը երկու հիմնական սելավատար ունի՝ Գետառն ու Հրազդանը, որոնց վրա շինարարական աշխատանքներ են կատարվել, և որոնք լցված են աղբով։
Նրա խոսքով՝ միայն մի ելք կա. «Հավաքել համապատասխան մասնագետների և խորհրդակցել, թե ինչ կարելի է անել։ Հիմա այդ ռեստորանները չես քանդի, ճանապարհներ են կառուցված, սելավատարները փակ են, շինություններ են կառուցված։ Ելքեր պետք է գտնել, չի կարելի քաղաքն այս վիճակում թողնել։ Շենքերն ամեն տեղ խցկել են, ու ջրի հոսքի բոլոր ճանապարհները փակված են։ Պետք է շատ լավ ուսումնասիրել խնդիրը և համապատասխան լուծումներ տալ»։
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացրել են, որ հունիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 15-ին՝ ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին՝ կեսօրից հետո, կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Կարինե Դանիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ կարող են հանգեցնել նման առատ անձրևները։
«Մենք միշտ ասում ենք՝ քաղաքն անպաշտպան է սելավների և ջրհեղեղների նկատմամբ, առավել ևս՝ կլիմայական փոփոխության պայմաններում, որ էքստրեմալ վիճակները գնալով սաստկանում են։ Այս առումով ամեն ինչ էլ կարելի է սպասել։ Հիմա նայեք՝ Թբիլիսիում կամ Մոսկվայում ինչ եղավ»,- ասաց նա։
Բնապահպանն ասաց, որ այս հարցը բազմիցս բարձրացրել է Բնապահպանության նախարարությունում, Երևանի քաղաքապետարանում, սակայն դրական տեղաշարժ չի նկատել:
«Գետառը փակելիս էլ այս հարցը բարձրացրինք: Նախորդ քաղաքապետի՝ Բեգլարյանի ժամանակ, Երևանում ջրհեղեղային իրավիճակ ստեղծվեց, ու մինչև այդ որ խոսում էինք, իրենք լուրջ չէին ընդունում, հետո Բեգլարյանն ինձ զանգ տվեց, թե՝ էս ի՞նչ ա, էս ինչի՞ համար ա քաղաքում սենց: Ես էլ պատասխանեցի՝ մեռանք ասելով՝ ինչի համար է այդպես: Խորհրդակցություն հրավիրեց, մարդիկ կային, որ անմիջապես դրանով զբաղվել էին, եկան, քննարկեցին, ինչ-որ որոշումներ ընդունեցին, բայց ինչքան հասկանում եմ՝ իրավիճակը չի փոխվել»,- ասաց Կ. Դանիելյանը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21:21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մաշտոց պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմացի գետնանցումը հորդառատ անձրևից ջրալցվել է, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ պարզվել է, որ ջրի մեջ արգելափակվել են թիվ 47 երթուղուն պատկանող «Hyundai» մակնիշի ավտոբուսը՝ ներսում արգալափակված 16 քաղաքացի, «BMW», «ՎԱԶ 2101», «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոբուսից տարհանել են 16 քաղաքացու և տեղափոխել անվտանգ տարածք: «BMW» մակնիշի ավտոմեքենաները դուրս են բերվել քարշակ ավտոմեքենայի օգնությամբ, իսկ «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան՝ փրկարարների օգնությամբ: