«Ամերիկան փորձում է վերադառնալ Մերձավոր Արևելք, որովհետև շատ բաց թողած խնդիրներ ունի». Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեպան Արման Նավասարդյանի խոսքով՝ Կատարի շուրջ շատ հետաքրքիր գործողություններ են ընթանում. «Ես դա դիտում եմ՝ որպես պատճառահետևանքային մի ամբողջ շղթա համաշխարհային քաղաքականության ենթատեքստում, մասնավորապես՝ առաջին հերթին՝ Թրամփի այցելությունը՝ ինչո՞ւ եղավ այդ այցելությունը, ինչո՞ւ հենց Սաուդյան Արաբիայում, և դա ի՞նչ կարող է իր հետ բերել»։

Ըստ բանախոսի՝ Ամերիկան փորձում է վերադառնալ Մերձավոր Արևելք, որովհետև շատ բաց թողած խնդիրներ ունի, և այստեղ, նրա կարծիքով՝  տեղի է ունենում նոր կոնֆիգուրացիա, որը ստեղծում է ԱՄՆ-ը։

«Առաջին հերթին՝ նոր տեղապահ է կարգում Սաուդյան Արաբիային։ Այս բոլորն ուղղված է Իրանին վնասելուն կամ չեզոքացնելուն։ Այդ իրադարձությունից հետո տեղի ունեցան վերջին դեպքերն Իրանում, որոնք պատահական չէին։ Սրանք պիտի շարունակվեն, և Մերձավոր Արևելքում դրությունը շատ սրված է նորից»,- նկատեց պարոն Նավասարդյանը։

Վերջինս նշեց, որ չնայած պատերազմական լայնամասշտաբ գործողությունները մղվում են երկրորդական պլան, և Ռաքքայի մեծ մասն արդեն գրավված է՝ նա չի կիսում վերլուծաբանների այն կարծիքը, թե ԴԱԻՇ-ը կորցնում է իր ուժն ու հզորությունը և գործունակությունը։

«Սա ավելի լուրջ ձև է ստանում, որովհետև, եթե Սիրիայում ռազմական բախումներ տեղի չունենան ճակատային առումով, ամեն ինչ շատ ավելի վտանգավոր կդառնա այն առումով, որ կմտնի Եվրոպա և նաև ընդհատակ կանցնի։ ԴԱԻՇ-ը գաղափար է, փիլիսոփայություն է։ Այն գործելու է, և այնքան, որ անգամ հասնի մեր սահմաններին»,- հավելեց բանախոսը։

Պարոն Նավասարդյանն այն համոզման է, որ այս պարագայում մենք պետք  գերակտիվություն ցուցաբերենք մեր խնդիրների առաջքաշման, լուծման և մեր շահերի ապահովման համար։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս