
Բլոգեր Լապշինի դեմ քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հենվելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա:
Ներկայացված նյութերը կնայի ծանր հանցագործություններ քննող Բաքվի դատարանի դատավոր Ալովսաթ Աբբասովը: Առաջիկա օրերին հայտնի կդառնա դատական գործընթացի նախապատրաստական նիստի ժամկետը:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում: