Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը. կան տուժածներ

Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից: Այդ մասին հունիսի 13-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը:

«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել է ճամփեզրի առուն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է երեք մարդ: Ավտոբուսն ընթանում էր Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել է 39 մարդ»,-ասել են մամուլի ծառայությունում:

ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից երկուսը երեխաներ են՝ յոթնամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ տասնամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: «Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց»,-ճշտել են մամուլի ծառայությունում: ՃՏՊ-ի կապակցությամբ ոստիկանությունն ստուգում է անցկացնում:

«Ներկայում ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ լուծում են ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ որ կժամանի հաջորդ ավտոբուսը եւ նրանց կհասցնի նշանակման վայր»,-հավելել են ՆԳ նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս