Պանաման հրաժարվեց Թայվանի հետ դիվանագիտական հարաբերություններից
Պանամայի իշխանությունները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ հօգուտ Չինաստանի, BBC-ին: Լատինամերիկյան երկրի կառավարությունը հայտնել է, որ «կա միայն մեկ Չինաստան», եւ Թայվանը նրա բաղկացուցիչ մասն է:
Այսպիսով, Պանաման ՉԺՀ-ի կողմն է բռնել՝ փաստորեն հրաժարվելով Թայվանի անկախության ճանաչումից: Պեկինը գտնում է, որ իրեն Չինաստանի Հանրապետություն կոչող Թայվանը պետք է ՉԺՀ-ի մաս կազմի:
Թայվանը Չինաստանի բաղկացուցիչ մասը ճանաչելը ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պարտադիր պայմանն է: Պանամայի որոշումից հետո աշխարհում մնում են միայն 20 պետություններ, որոնք ՉԺՀ-ի փոխարեն դիվանագիտական հարաբերություններ են պահպանում Թայվանի հետ: Վերջին տարիներին ՉԺՀ-ն ավելացրել է ներդումները Պանամայի տնտեսության մեջ, որտեղ գտնվում է ծովային փոխադրումների համար կարեւոր Պանամայի ջրանցքը: