Կարակասում բողոքավորները հրկիզել են Գերագույն դատարանի շենքը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ակցիայի մասնակիցները հունիսի 12-ին Չակաոյի շրջանում հրկիզող խառնուրդով շշեր եւ վառոդապատիճներ են նետել Գերագույն դատարանի շենքի մուտքը: Պատահարի վայրից լուսանկարներ ու տեսակադրեր են հրապարակվել Twitter-ում: Դրանցում երեւում է, որ շենքի առաջին հարկը պատել է բոցը, եւ այնտեղից սեւ ծխի թանձր սյուն է բարձրանում։ AFP գործակալության տվյալներով՝ հարձակման է ենթարկվել նաեւ բանկերից մեկի բաժանմունքը, որը գտնվում է շենքի առաջին հարկում: Անվտանգության ուժերին հաջողվել է բողոքավորներին ցրել արցունքաբեր գազի միջոցով, իսկ հրշեջները կարողացել են մարել կրակը: Տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Գերագույն դատարանը դարձել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործիքներից մեկն ընդդիմության դեմ պայքարում, որն իր վերահսկողության տակ է վերցրել խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում տարած հաղթանակից հետո: Բարձրագույն դատական մարմինը բազմիցս անվավեր է ճանաչել Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) որոշումները, այդ թվում՝ նախագահի «պաշտոնաթողության» բանաձեւը:
Ապրիլի սկզբից Վենեսուելան ցնցում են հակակառավարական ցույցերը: Այդ ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 1,3 հազարը, ավելի քան 3,1 հազար մարդ ձերբակալված է: Պաշտոնատար անձանց տարբեր գնահատումներով՝ զոհվել է 67-ից մինչեւ 80 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: