ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել բիզնեսի «չեմպիոն» 9 ներկայացուցչի
Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հունիսի 12-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 9 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 12 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 3-ը:
Ջրամատակարարման ոլորտում նախագծում իրականացնող կազմակերպության գլխավոր հաշվապահ Փայլակ Կարապետյանի դիտարկմամբ, հավաստագիրը պետության վստահության մասին է վկայում, ինչը մեծ առավելություն է տալիս ընկերությանը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս.
«Օրինապահի կարգավիճակ ունենալով՝ մենք տարբերվում ենք մյուս հարկ վճարողներից: Մրցակցության նոր տիրույթ է ստեղծվում, որտեղ առաջատար հորիզոնական զբաղեցնելու համար ոչ թե շահույթի մակարդակը կամ ընկերության ծավալներն են կարևոր, այլ օրինական դաշտում գործելը»: Հայաստանում իտալական ապրանքանիշ ներկայացնող ընկերության հաշվապահ Լիլի Մարկոսյանն էլ պետության կողմից հավաստագրի ստացումը համարում է ընկերության բարձր վարկանիշն արձանագրող գնահատական. «Անհրաժեշտության դեպքում մեր ընկերությունը կարող է օգտվել արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավելու հնարավորությունից»:
Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 151 տնտեսվարող, որից 109-ի դիմումը բավարարվել է, 42-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում: