«Միայն թվում է, թե իրավիճակը հանգիստ է. այն կարող է շատ արագ վերափոխվել շատ լուրջ էսկալացիայի». Ստյոպա Սաֆարյան

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Հանդիպման ժամանակ նախարարը նշել է, որ հասունանում է մի իրավիճակ, երբ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան նման կոշտ հայտարարություն անել.

«Նախկինում հայկական կողմը լավագույն դեպքում պահանջում էր հասցեական հայտարարություններ, այժմ, կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս բոլորը տեսնում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր սադրանքի։ Հետևաբար, իհարկե, հայկական կողմին ոչինչ չէր մնում, քան նման կոշտ հայտարարություն անել, որովհետև ուշացնել այդպիսի քայլերի կատարումը, նշանակում է՝ ուղղակի թույլ տալ, որ սողացող պատերազմը մոտենա։ Կարծում եմ՝ ճիշտ բառ է ընտրված հայտարարության մեջ՝ սադրանք, որովհետև Ադրբեջանը փորձում է սադրել, որպեսզի հայկական կողմը պատասխանի, և ինքը հերթական անգամ դա ներկայացնի՝ որպես հայկական կողմին պատասխան, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմի դեպքում»։

Կարդացեք նաև

Սաֆարյանի խոսքով՝ Ադրբեջանը, բնականաբար, մեղադրելու է հայկական կողմին, թե իբր հայկական կողմն է նման գործողություններ իրականացնում. «Թեպետ միջնորդների հետ հանդիպումներում նրանք շատ ավելի ցինիկ են լինում և խոստովանում են, որ նման գործողությունների են գնում, որովհետև «օկուպացիոն» ուժերը դուրս բերված չեն «իրենց» տարածքներից։ Ադրբեջանը գիտի, որ ՄԽ-ն ու միջազգային հանրությունը լավ հասկանում են, թե ով է շիկացնում իրավիճակը, և անուղղակիորեն արդարացնում է դա»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Մինսկի խումբը պետք է կոշտ լինի իր դիրքորոշումներում, ինչպես նախորդ հայտարարության մեջ է եղել, որովհետև, ըստ նրա՝ միայն թվում է, թե իրավիճակը հանգիստ է. «Այն կարող է շատ արագ վերափոխվել շատ լուրջ էսկալացիայի»։

Տեսանյութեր

Լրահոս