
Amensty International կազմակերպության Թուրքիայի ղեկավարը կալանավորվել է

Միջազգային Amensty International կազմակերպության Թուրքիայի ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քըլըչի ձերբակալման մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Amensty International-ի Թուրքիայի հետազոտող Էնդրյու Գարդները՝ նշելով. «Մարդու իրավունքների պաշտպան Թաներ Քըլըչը ձերբակալվել է առանց որևէ արժանահավատ ապացույցի: Ափսոս»:
Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալել էին միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի ղեկավարին` Թաներ Քըլըչին: Քըլըչըին ձերբակալել էին տանը՝ նախքան գրասենյակ գնալը: Թուրք իրավապահները խուզարկել էին նրա բնակարանը:
Ավելի վաղ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն էր հայտնել կատարվածի առնչությամբ: «Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»,- հայտնել էր Կոսիյանչիչը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը: