Բաժիններ՝

Ջախջախիչ հաղթանակը՝ ճանապարհ դեպի կարևորագույն խաղ

Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ ընկերական խաղում կարողացավ ջախջախիչ հաշվով հաղթել Սենթ Քիթս և Նևիսի հավաքականին: Հայ ֆուտբոլիստները մրցակցի դարպասն ուղարկեցին 5 անպատասխան գնդակ և ամբողջ հանդիպումն անցկացրին առավելությամբ, ինչը, ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ սպասելի էր:

Այսօր երեկոյան հավաքականի համար կարևորագույն խաղ է՝ Չեռնոգորիա-Հայաստան:
Պետք է նշել, որ հավաքականի համար յուրաքանչյուր հաջորդ խաղն է կարևորագույն, քանի որ մրցաշարային աղյուսակում այնպիսի իրավիճակ է, որ մեր ազգային ընտրանին կարող է խառնել բոլորի խաղաքարտերը, բացի առաջատար Լեհաստանից:

Եթե Հայաստանի ազգային հավաքականը կարողանա հաղթանակ տոնել Չեռնոգորիայի հետ խաղում, ապա կունենա լավ հնարավորություն Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր վաստակելու համար՝ իհարկե, չպարտվելով մյուս խաղերում ևս:
Հավաքականի մարզիչներն ու ֆուտբոլիստները հաղթական են տրամադրված:
Ըստ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Մոնտենեգրոյի հետ արտագնա խաղը հեշտ չի լինելու, սակայն թիմը պատրաստ է այդ հանդիպմանը:
«Ամեն ինչ հնարավոր է: Չենք գնալու Մոնտենեգրո՝ պաշտպանվելու համար: Շատ բարդ է լինելու, քանի որ ունենք բացակայող ֆուտբոլիստներ, բայց գնում ենք հաղթելու համար»,- նշում է Հենրիխը:

Ըստ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի՝ տղաների տրամադրությունը բարձր է, և իրենք Պոդգորիցայում են՝ հաղթելու համար։ «Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Դժվար հանդիպում է սպասվում։ Մեզ համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խաղից հետո»։

Ըստ Արթուր Պետրոսյանի՝ ընկերական խաղից հետո թիմը լավ է աշխատել և ամբողջությամբ պատրաստ է խաղին: Արթուր Պետրոսյանի խոսքով՝ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Հայաստանի ընտրանին հետևում է տեղի մամուլին և գիտի, որ չեռնոգորցիները միայն հաղթանակ են պահանջում իրենց թիմից:

Թե՛ գլխավոր մարզիչը, և թե՛ ֆուտբոլիստները նշում են, որ շատ վստահ և պատրաստ են մոտենում այս հանդիպմանը: Կարծում եմ, եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ, ես պետք է թիմ պատրաստեմ, և, եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության, և հուսով եմ, որ իմ հետ այդպես չի պատահի»։

Հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Հովհաննես Համբարձումյանը, չնայած վնասվածքներին, թիմի հետ են: Մարզիչը նշում է, որ սա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է, իսկ ինքն ու ֆեդերացիան դեմ չեն եղել նրանց՝ հավաքականին միանալուն, քանի որ դա հոգեբանական առավելություն է տղաների համար: Արթուր Պետրոսյանը շեշտել է, որ թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, բայց իրենք չեն խաղալու՝ շեշտը դնելով Մխիթարյանի որակների վրա:

«Չեմ կարծում որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Հենրիխը մեր համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են՝ «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին»։ Արթուր Պետրոսյանի խոսքով՝ թիմի հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպմանը և չունեն առողջական խնդիրներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս