Բաժիններ՝

«Յուրաքանչյուր էմոցիա կարելի է արտահայտել նկարի միջոցով». Մարգարիտ Սիրեկանյան

Նկարչուհի Մարգարիտ Սիրեկանյանն արվեստասերներին հայտնի է ոչ միայն իր նկարներով, այլև «Մի կտոր կրակ» ցուցահանդեսով, որով տարիներ շարունակ համախմբում և ներկայանալու հնարավորություն է տալիս բազմաթիվ երիտասարդ նկարիչների։

168.am-ը նկարչուհու հետ զրուցել է իր անցած ճանապարհի և Հայաստանում այս ոլորտում տիրող իրավիճակի մասին։

Մանկուց եմ նկարում

Նկարչության հանդեպ սերը Մարգարիտի մոտ մանկուց է, թեև ընտանիքում նկարիչներ չեն եղել։

«Տատիկս մեծ արվեստասեր էր, մասնավորապես, շատ էր սիրում նկարչություն։ Շատ փոքր էի, ինձ համար միշտ ներկեր, գունավոր մատիտներ էր գնում։ Երևի հենց այդպես արթնացավ սերս նկարչության հանդեպ։ Արդյունքում քայլերս ինձ տարան Հակոբ Կոջոյան կրթահամալիր։ Դպրոցական տարիներին նկարչությունն ինձ համար հոբբի էր, երբ եկավ մասնագիտական ընտրության պահը, տատիկս կրկին իր ազդեցությունն ունեցավ, որպեսզի ընտրեմ  Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան»,- պատմեց Մարգարիտը։

Նրա խոսքով` շատ է սիրում բնապատկերներ նկարել։ Հաճախ շրջում է Հայաստանի տեսարժան վայրերով, որտեղ իր տեսածն ու զգացածը վերածում է նկարների։ Ասում է` դա իր ինքնարտահայտման լավագույն տարբերակն է։

«Յուրաքանչյուր էմոցիա կարելի է արտահայտել նկարի միջոցով։ Նույնիսկ գունային ընտրությունն է էմոցիա»,- ասաց նկարչուհին։

Հնարավոր է հասնել հաջողության, եթե աշխատասեր ես

Հաճախ երիտասարդները բողոքում են, որ Հայաստանում արվեստի ոլորտն անտեսված է։ Մարգարիտն իր օրինակով ապացուցում է, որ պայքարելու դեպքում կարելի է արդյունքի հասնել և իր նկարներում արտահայտում է նաև իր պայքարող տեսակը։

Նկարչուհու համար պայքարի ու հաղթանակի յուրօրինակ ճանապարհ էր «Մի կտոր կրակ» ծրագրի իրականացումը։ Այսօր արդեն կայացած և ամենամյա դարձած փառատոնը ժամանակին ֆանտաստիկայի ժանրից էր թվում, քանի որ երիտասարդ նկարիչների համար բարդ էր աշխատանքները ցուցադրել Հայաստանի նկարիչների միությունում, մի բան, որ այսօր արդեն իրականություն է։

«Յուրաքանչյուր նկարչի համար ամենակարևորն աշխատանքները ցուցադրելու հնարավորություն ունենալն է»,- ասաց Մարգարիտը, որը համընդհանուր ծրագիր իրականցնելուց զատ ունեցել է նաև իր անհատական ցուցահանդեսը, մասնակցել տարբեր ցուցահանդեսների։

«Հնարավոր է հասնել հաջողության, պարզապես պետք է ջանք չխնայել դրա համար»,- ասաց նա։

Նկարչուհու ամենամեծ հաջողությունը

Մարգարիտն իր կարիերայում երեք կարևոր կետ է առանձնացնում. «Մի կտոր կրակ» ծրագրի իրականացումը, որի համար տարբեր պետական պարգևների է արժանացել ՀՀ Վարչապետի, ԱԺ նախագահի, Երևանի քաղաքապետի կողմից, իր Գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը և Փարիզում մասնագիտական ճանապարհ անցնելը։

«Երկու դեպքում էլ ջանք չեմ խնայել։ Գրաֆիկական աշխատանքներ ներկայացնելն ինձ համար լուրջ փորձություն էր, քանի որ միշտ նկարում եմ յուղաներկով։ Որոշել էի ինձ փորձել նոր ուղղության մեջ ու  երջանիկ եմ, որ հաջողեցի, ընդհուպ աշխատանքներս անհատական ցուցահանդեսով ներկայացրեցի»,- ասաց նա։

Իր ուսանողական տարներին Մարգարիտը եղել է Գեղարվեստի ակադեմիայի Ուսանողական խորհրդի նախագահը։ Նրա խոսքով` հիմա էլ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում երիտասարդ նկարիչների հետ ու միշտ խորհուրդ է տալիս ուժերը չխնայել։

«Թվում է` արվեստագետները շատ ավելի փխրուն են։ Իսկապես, մենք էմոցիոնալ ենք, բայց և ուժեղ, որովհետև այս ոլորտում մարտահրավերները շատ են, հատկապես, Հայաստանում, քանի որ ոլորտում ներդրումներ գրեթե չեն արվում, բայց ես շարունակում եմ հավատալ ու հավատացնել, որ աշխատասիրության դեպքում հնարավոր է հասնել արդյունքի»,-  ասաց նա։

Մարգարիտի համար առանձնահատուկ ոգեշնչման շրջան է եղել Փարիզում գործող արվեստանոցում ստեղծագործելը։

«2013 թվականին Փարիզում  անցկացրեցի իմ ստեղծագործական կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. 2 ամիս ապրեցի ու ստեղծագործեցի Փարիզի սրտում գտնվող արվեստանոցում։ Առաջին ոգևորությունս ապրեցի, երբ անցա ընտրական փուլն ու մեկնելու հնարավորություն ստացա, երկրորդը` արդեն Փարիզում, երբ միջավայրն արդեն նպաստում է, որպեսզի ազատ ստեղծագործես։ Փարիզի սրտում` Cite Internationale  des Art-ում անցկացրած փուլն անմոռանալի էր իմ կյանքում, որը հնարավորություն տվեց բազմաթիվ կայացած արվեստագետների հետ շփման և փորձի փոխանակման։ Հանճարեղ նկարիչների աշխատանքները մոտիկից տեսնելն ու արվեստի քաղաքում ապրելը չէր կարող ազդեցություն չունենալ ինձ վրա։ Փարիզի կյանքն ու սերն իմ կտավներում վերադարձա Հայաստան։ Այս շրջանի աշխատանքներս ներկայացրի «Էտյուդներ Փարիզից» խորագրով փոքրիկ ցուցահանդեսով»,- ոգևորությամբ հիշեց նա։

Միաժամանակ նա նշեց, որ սրանք ամենամեծ հաջողությունն են մինչև այս պահը։ Ամեն բան առջևում է։ Մարգարիտը պատրաստվում է իր հաջորդ անհատական ցուցահանդեսին։ Վստահեցնում է` ապագայում արվեստասերներին ավելի հետաքրքիր նորություններ է ներկայացնելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս