Կառավարությունը թեթև արդյունաբերության ոլորտին կտրամադրի նոր արտոնություններ
Հայաստանի կառավարությունը թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին նախատեսում է տրամադրել լրացուցիչ արտոնություններ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստում, անդրադառնալով Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես տեքստիլի, տրիկոտաժի, կաշեգործության, կոշկակարության և գորգագործության ոլորտների զարգացմանն ուղղված պետական գործուն աջակցության անհրաժեշտության հարցին՝ նշեց, որ կառավարությունը պետք է իր գործողությունների արդյունքում նպաստի լուրջ ներուժ ունեցող նշված ձեռնարկատիրական ոլորտների զարգացմանը և, հատկապես, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ ՀՀ ֆինանսների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ երկշաբաթյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ Երևանում և Երևանից դուրս թեթև արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպություններին և վերջիններիս կողմից նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքերում լրացուցիչ արտոնությունների տրամադրման հնարավորության և գործիքակազմի վերաբերյալ»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մասնավոր հատվածի հետ այս հարցի շուրջ խոսել են:
Նրա խոսքով, Երևանից դուրս գործունեություն ծավալող կազմակերպությունների համար պետք է լինի արտոնություն, որպեսզի խթանվի շրջաններում գործունեության իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը:
«Պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև խոսել ենք, որ կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացնի պարոն Կարայանը, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք: Տրիկոտաժի մասով բավականին նյութ ևս ունենք և հստակ ծրագիր»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ բոլոր այս հարցերի ուղղությամբ սպասում է կոնկրետ առաջարկներ: