Ազդեցություն չի ունենա
«Պուտինը Մակրոնի հետ հանդիպումից վերադարձավ ոչ միայն ձեռնունայն, այլև նաև ոչնչացված ու տապալված։ Նրա իշխանության վերջին 17 տարում դա առաջին անգամ տեղի ունեցավ։ Մակրոնն ուղղակի ամբողջ համաշխարհային հանրությանն օրինակ ցույց տվեց, թե ինչպես պետք է խոսել գռեհիկների և պիտերյան շքախմբի հետ,- 168.am-ին ասել է ռուս ընդդիմադիր հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պիոնտկովսկին՝ մեկնաբանելով Պուտին-Մակրոն հանդիումը,- Ես կարծում եմ, որ այդ վարվելակերպը կընդունվի համաշխարհային քաղաքական դասի մեծամասնության կողմից։ Եվ դա պարզապես ցնցում եղավ ոչ միայն՝ Պուտինի, այլ նախ և առաջ՝ նրա շրջապատի համար։
Ընդ որում, նա լկտի կերպով հասավ դրան, որ մեկնի այդ ուղևորությանը նրանից հետո, երբ նախընտրական շրջանում ոչ թե ընդամենն աջակցում էր Մակրոնի ընդդիմախոսին, այլ ռուսական բոլոր ԶԼՄ-ները կոպտորեն վիրավորում էին նրան և նրա տիկնոջը։ Պուտինը ցանկացավ ցույց տալ իր շրջապատին, որ իր հետ հաշվի են նստում Արևմուտքում, ինքը կարող է հարցեր լուծել, երաշխավորել նրանց ֆինանսական շահերը։ Եվ ահա՝ խնդրվեց ու ստացավ։
Այժմ շատ լուրջ իրադրություն է ստեղծվում Պուտինի շրջապատում, այդ բռնակալի շրջապատում։ Երբ բռնակալը նման արտաքին քաղաքական պարտություններ է կրում, բնականաբար, հարց է ծագում՝ նա չի՞ կարողանում իր գործառույթները կատարել, էլ ինչո՞ւ է մեզ պետք, իսկ ինչո՞ւ չփոխենք նրան՝ պահպանելով ռեժիմի բնույթը, ուղղակի ազատվենք այդ մարդուց, որը միայն վնաս է բերում։ Նման տպավորություն Պուտինը թողեց իր վարքագծով նաև Պետերբուրգյան համաժողովի ժամանակ՝ NBC-ի լրագրող Մեգին Քելիի հետ երկխոսության ընթացքում»։
Հարցին, թե ի՞նչ կլինի իշխանությունից Պուտինի հեռանալուց հետո, արդյոք ՌԴ քաղաքական կուրսը կփոխվի՞, Ա. Պիոնտկովսկին պատասխանել է, որ Ստալինի մահվանից կամ սպանությունից հետո իշխանության եկան այնպիսի սրիկաներ, ինչպիսին նա էր, կոմունիստական հասարակարգը չփոխվեց, բայց զգալիորեն փոխվեց արտաքին քաղաքականության ուղղվածությունը, և, եթե Ստալինը գործը տանում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, նրան փոխարինողները տեղափոխեցին խաղաղ գոյակցման ուղեծիր.
«Ռուսաստանի օլիգարխիայի համար այժմ արտաքին քաղաքականության փոփոխության իմաստն Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումն է, իսկ դրա համար նրանք պետք է գնան որոշակի զիջումների՝ ամեն ինչում մեղադրելով գահընկեց արված բռնակալին։ Անդրկուլիսյան նման խոսակցություններ արդեն տարվում են, այդ թվում՝ Վաշինգտոնում նրանց ներկայացուցիչների և ամերիկյան կառույցների միջև։ Այդ սխեման մոտավորապես այսպիսին է՝ նոր իշխանությունը պատրաստ է լինելու հեռանալ Դոնբասից, բայց ո՛չ Ղրիմից։ Իսկ Արևմուտքը Ղրիմի վրա աչք կփակի և կհանի պատժամիջոցների մի մասը։ Ահա այդպիսի գործարքը հնարավոր է»։
Թե ինչպե՞ս կազդեն այդ փոփոխությունները մեր տարածաշրջանի, Ղարաբաղյան հակամարտության, ԵԱՏՄ-ի վրա, քաղաքագետը նշել է. «Ոչ մի կերպ ազդեցություն չի ունենա։ Այդ հարցերում Ռուսաստանի և այն ռեժիմի շահերը, որ կգա Պուտինից հետո, կմնան նույնը՝ ամեն կերպ պահպանել հակամարտությունը, որպեսզի ազդեցության լծակներ ունենա և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: