
Հայաստանը դատապարտել է Իրանում ԻՊ իրականացրած ահաբեկչությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել է Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակումներ են իրականացրել Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա: Կատարվածի հետևանքով նախնական տվյալներով զոհվել է յոթ մարդ: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ խորհրդարանի շենքում կան պատանդներ:
Հարձակվողներից մեկը, ով կին է եղել, պայթեցրել է ինքն իրեն: Մեկ այլ ահաբեկիչ ինքնասպանություն է գործել ցիանիդ խմելով: Եվս մեկին չեզոքացրել են իրավապահ մարմինները: Իրանի անվտանգության ուժերը շրջափակել են խորհրդարանի շենքը՝ փորձելով չեզոքացնել այդտեղ գտնվող մյուս ահաբեկիչներին: