Բաժիններ՝

«Նաև դիմությունն է գրանտներ ստանում, ոչ միայն ընդդիմությունը». Հարություն Մեսրոբյան

ՀՀ կառավարությունը ձեռնարկում է համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլը։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և քննարկվելու է վաղը կայանալիք արտահերթ նիստում։ Ըստ նախագծի՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 30 ծրագրեր, որոնցում ներգրավված է 360 համայնք, և դրանց միավորման արդյունքում ձևավորվելու է 30 համայնք։ Մինչև 2017 թվականն իրականացվել է համայնքների խոշորացման թվով 18 ծրագիր, ինչի արդյունքում 140 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել են 18-ը:

Համայնքների խոշորացման ծրագրի շուրջ զրուցել ենք կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Պարոն Մեսրոբյան, համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետությունն ինչպիսի՞ն է, և ի՞նչ ակնկալիքներ կան դրա շարունակությունից։

– Նախ՝ համայնքների խոշորացման ծրագիրը դրամաշնորհային ծրագիր է։ Մեզ մոտ նաև դիմությունն է գրանտներ ստանում, ոչ միայն ընդդիմությունը։ Ես բազմիցս դեմ եմ խոսել այդ ծրագրի մասին մի քանի պատճառներով. առաջին՝ համայնքները պետք է համապատասխանեն օնտոլոգիապես՝ պատմականորեն, ձևավորված համայնքային քարտեզին, որտեղ կան դարավոր ներքին կապեր, մոտավորապես նույն նիստ ու կացը, որոշ չափով ենթակառուցվածքներն էլ են դրան միտված։

Ընդհանրապես, համայնքների քարտեզի փոփոխությունը բարդ պրոցես է օնտոլոգիական իմաստով։ Երկրորդ՝ ցանկացած խոշորացում բերում է այս կամ այն համայնքի բնակչության ճանապարհային խնդիրների՝ սպասարկման իմաստով, այսինքն՝ լոգիստիկ հարցերի, լինեն դա բժշկական հաստատություններ, սոցիալական կամ անգամ մանր-մունր տեղային խնդիրների, այդ թվում՝ յուրահատուկ այս կամ այն համայնքի բնակիչների համար, կարող են լինել սահմանամերձ, բարձրագոտի, ցածրագոտի և նման մի շարք խնդիրներ։

Երրորդ՝ նման աշխատանքները պետք է մինչև իրականացումը հաշվարկեն հետևանքների տարբեր սցենարներ՝ հոռետեսականից մինչև լավատեսական, այդ թվում՝ իրատեսական, այսինքն՝ ռիսկերի գնահատման խնդիր պետք է լինի։ Եվ տարբեր նյութեր ուսումնասիրելիս՝ ես չնկատեցի նման խորը վերլուծություններ։ Իսկ նման խոշորագույն նախագծեր չի կարելի առաջ քաշել՝ առանց սցենարների կանխատեսումային վերլուծության։

Առաջին փուլի դեպքում ևս ես չեմ տեսել ամփոփող խորը վերլուծություններ։ Մի բան գիտեմ, որ գոնե տեղերում, մեղմ ասած, դա չի ողջունվում՝ լինի բնակչության թե տեղային իշխանությունների կողմից։ Այս իմաստով, ես նորից եմ կրկնում, որ ցանկացած դրամաշնորհային ծրագիր երբեք չի կարող հաշվի առնել տվյալ պետության խորքային առանձնահատկությունները։

– Այսինքն՝ երբ իշխանությունները մեղադրում են որոշ հասարակական կազմակերպությունների՝ դրամաշնորհներով աշխատելու և ոչ թե պետության շահով առաջնորդվելու մեջ, այս դեպքում պետությունն է նույն կերպ վարվում։

– Այս դեպքը միակը չէ, կենսաթոշակային փոփոխությունը նույնպես ֆինանսավորվում էր դրսից, այսինքն՝ նույն USAID կազմակերպությունն էր ֆինանսավորում, և ամերիկյան դեսպանատունն էր լոբբինգ անում այդ հարցը։ Եվ ինչն էր հետաքրքիր՝ մի անգամ USAID-ը կոնֆերանս էր կազմակերպել Երևանում, որի ժամանակ ներխուժած ակտիվիստների մեջ, ի զարմանս ինձ, ես տեսա նույն «գրանտակերներից» ոմանց։

Շատ հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել, որ կենսաթոշակային փոփոխության այդ ծրագիրը մի կողմից՝ խրախուսվում էր դրսից դրամաշնորհների միջոցով, մյուս կողմից՝ ընդդիմադիր մի շարք գրանտակերներ, որոնց մի մասը նույն աղբյուրներից էին սնվում, դուրս էին եկել իրար դեմ։ Սա զավեշտ է։ Սա նշանակում է, որ մենք այնքան ենք մտած օտարի փեշի տակ, որ անգամ 2 ճամբարներն էլ սնվում են նույն օտարներից։ Զարմանալի է։

Երբ խոսում են ինքնիշխանության մասին, ամպագոռգոռ հայտարարություններ են անում, սա հակառակի վառ օրինակն է։ Ավելին՝ կառավարությունը վերջերս հայտարարեց, որ մարզպետները պետք է դասեր անցնեն Ամերիկյան համալսարանում։ Սա արդեն վերջն է։ Այսինքն՝ իրենք ֆինանսավորում են, փոփոխությունները կատարվում են, հետո դրանց տրամաբանության ներքո իրենց մոտ պետք է լինեն դասընթացներ։

Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է կառավարման ոլորտ ներգրավել մարդկանց, ղեկավարների, հետո միայն նրանց ուսուցանել։ Հայաստանը դառնում է փորձադաշտ։ Նախ՝ պետք է ունակ լինել, գիտելիք և փորձ ունենալ կառավարելու, հետո պաշտոն ստանալ, բայց ոչ՝ հակառակը։ Նման անհեթեթություն ես հազվադեպ եմ տեսնում լուրջ պետություններում։

– Փաստորեն, չի՞ բացառվում, որ հետագայում համայնքների խոշորացումը կվերանայվի, և ետքայլ կանեն։

– Խորհրդային Միությունում եղել է նման փորձ՝ համայնքների վերադասավորումով, խոշորացումով, տրոհումով։ Նման ծրագրերն իրենց հետ միանգամից բերում են մի շարք բացասական հետևանքներ, որովհետև քանդվում են արդեն իսկ, լավ թե վատ, ստեղծված համայնքային և միջհամայնքային կապերը։ Դրա համար են հարկավոր հոռետեսական, լավատեսական և իրատեսական սցենարներ, որ ծագող մարտահրավերների դեմն արագ առնեն։ Ի վերջո, մենք գործ ունենք մարդկանց հետ, ընդ որում, հաճախ՝ սոցիալապես բավականին անապահով մարդկանց հետ։ Գաղտնիք չէ, որ չի կարելի համեմատել Երևանի և համայնքների բնակիչների սոցիալական վիճակը, այն էլ՝ խուլ և սահմանամերձ գյուղերի մարդկանց վիճակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս