Հայաստանից փողի արտահոսքը ապրիլին արագացել է. ստացվող և ուղարկվող փողերի վիճակագրությունը (ինֆոգրաֆիկա)
2017 թվականի ապրիլին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 109.28 մլն ԱՄՆ դոլար՝ 2016 թվականի ապրիլի 104.47 մլն դոլարի դիմաց։ Փոխանցումների ներհոսքը ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ ավելացել է 4.8 մլն դոլարով կամ 4.6%-ով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներից, որոնք մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։
Միևնույն ժամանակ՝ ապրիլին Հայաստանից արտերկիր է փոխանցվել 86.28 մլն դոլար։ Արտահոսքը 2016 թվականի ապրիլի համեմատ աճել է 20.4 մլն դոլարով կամ 31%-ով։
Արտահոսքի աճը պայմանավորված է հիմնականում երկու երկրներ՝ Ռուսաստան և ԱՄՆ փոխանցվող գումարների աճով։
Այսպես, 2017 թվականի ապրիլին՝ 2016-ի ապրիլի համեմատ, Հայաստանից Ռուսաստան փոխանցվող գումարներն աճել են 72.2%-ով և կազմել շուրջ 46 մլն դոլար, իսկ դեպի ԱՄՆ ուղարկվող գումարները աճել են 93%-ով և կազմել 13.9 մլն մլն դոլար։
Նշենք նաև, որ դրամական փոխանցումների արտահոսքը կայուն աճել է այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում։
Արդյունքում՝ 2017 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար ունենք հետևյալ պատկերը՝
Դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 422.2 մլն դոլար, որը 44.5 մլն դոլարով կամ 11.8%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը,
Դրամական փոխանցումների արտահոսքը կազմել է 269.8 մլն դոլար, որը 23.3 մլն դոլարով կամ 9.5%-ով գերազանցում է 2016 թվականի հունվար-ապրիլի ցուցանիշը,
Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ուղարկվող և ստացվող գումարների տարբերությունը) այս ընթացքում կազմել է 152.5 մլն դոլար։