EcoPad. TSD-ի նորամուծությունը. Նոթատետրը՝ միկրոալիքային վառարանում
Ջնջել նոթատետրում արված գրությունը միկրոալիքային վառարանի օգնությա՞մբ. սա այլևս ֆանտաստիկայի ոլորտից չէ: Technology and Science Dynamics (TSD) ընկերությունն անընդհատ հանդես է գալիս նորամուծություններով, վերջիններից է EcoPad-ը (Էկոփադ): Այն նոթատետր է, որի վրա արված գրությունը հնարավոր է ջնջել միկրոալիքային վառարանի միջոցով:
EcoPad-ը մեկ բաժակ ջրի հետ միկրոալիքային վառարանի մեջ դնելուց 2 րոպե անց կունենանք ամբողջովին նոր նոթատետր: Նոթատետրը կարելի է օգտագործել մինչև թղթի մաշվելը:
Ներկայումս բանակցություններ են վարում ապրանքն արտահանելու համար:
Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ: Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում:
Խոսելով IT ոլորտի մասին՝ Technology and Science Dynamics (TSD) ընկերության փոխտնօրեն Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ Հայաստանում շատ դժվար է պահել IT ոլորտի մասնագետների, որովհետև աշխատաշուկան ամբողջ աշխարհում շատ պահանջված է և շատ բարձր է վարձատրվում:
Իսկ ինչ վերաբերում է ապրանքներն արտահանելուն, փոխտնօրենն ասաց.
«Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում մեր ընկերությունը միակն է, որ արտադրում է բջջային հեռախոսներ և պլանշետներ: Քանի որ կա կառավարության աջակցությունը բոլոր ծրագրերին, և գործարանը ինքնին գտնվում է ազատ տնտեսական գոտում, արտահանման հետ բացարձակ խոչընդոտների չենք հանդիպում, ավելին՝ ինքներս էլ հաճելիորեն զարմանում ենք, երբ անսպասելի երկրներից ստանում ենք պատվերներ կամ հետաքրքրվածություն մեր ընկերության հանդեպ: Հետևաբար՝ ծրագրային լուծումներն արտահանելը և համաշխարհային շուկա առաջարկելը շատ ավելի հեշտ է»:
ԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ