Բաժիններ՝

ՀՀ ԱԻ նախարարությունը կընդլայնի Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության պաշտպանության գծով կցորդ Դեյվ Էթլին և 6-րդ հետևակային գումարտակի հրամանատար , գնդապետ Ջոն Փինհեյլին:

Հանդիպման նպատակն էր քննարկել Միացյալ Թագավորության հետ ՀՀ ԱԻՆ հետագա համագործակցության հնարավոր նոր ուղիները:

Ողջունելով հյուրերին` Ն. Գրիգորյանը կարևորեց Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի համագործակցության անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա սահմանել փոխգործակցության բոլոր հնարավորությունները: Նա նշեց բրիտանական ճանաչված փորձը՝ ռիսկի գնահատման, ճգնաժամերի արդյունավետ արձագանքման պլանավորման, ինչպես նաև՝ ռազմավարական մշակումների և բոլոր դերակատարների ներգրավման ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գնդապետ Ջոն Փինհեյլին նշեց, որ իր կառույցի գլխավոր գործառույթներից է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ բոլոր ուժերի համակարգումն ու մոբիլիզացումը, և այդ ոլորտում Անգլիայի ունեցած փորձը կարող է ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցության նոր ուղիներ ձևավորել :

Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին նաև Երևանում նախորդ տարի անցկացված Հանրային իրազեկման 3-րդ միջազգային համաժողովին մասնակցության համար և ցանկություն հայտնեցին այս տարի ևս ներկա գտնվել 4-րդ միջազգային համաժողովին: Առաջիկա ամսվա ընթացքում կմշակվեն համագործակցության հնարավոր բոլոր ուղիները:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին նորագույն սարքավորումներով հագեցած ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթացան դրա գործունեության սկզբունքներին, ազդարարման, արձագանքման ու մշտադիտարկման լայն հնարավորություններին և «911» ծառայությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս