Կառավարությունը կշարունակի Սևանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացումը
Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017թ. տարեկան ծրագիրն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ արդյունքում նախատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում:
«Կիրականացվեն նաև լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանությանը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, ափամերձ ջրածածկ տարածքներից անտառաշերտերի մաքրման, ռեկրեացիայի արդյունավետ զարգացման, կենցաղային թափոնների կառավարման բարելավման աշխատանքներ»,- ասաց Մինասյանը:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Սևանա լճի մակարդակն այս տարվա հուլիսի 26-ի դրությամբ 25 սմով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Լճի մակարդակը եղել է 1900.73մ, իսկ անցյալ տարվա նույն օրը այն 1900.48 մ էր: