
«Օրակլ»-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալը բարձր գնահատեց «Օրակլ» կորպորացիայի և ՀՀ ոստիկանության միջև դեռևս 2007 թ.-ից սկսված համագործակցությունը, և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, խոսեց արձանագրված հաջողությունների և անելիքների մասին: Մանրամասն ներկայացվեց ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորաստեղծ վարչության գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բաբակ Կոբարին կարևորեց համագործակցությունը և փորձի փոխանակումը, կազմակերպության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: