Հայաստանում շագանակագեղձի առաջին վիրահատությունն են կատարել նոր լազերի օգտագործմամբ. news.am
news.am-ը գրում է. Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առաջին անգամ շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն են կատարել լազերային նոր համակարգի օգտագործմամբ, որը նվեր են ստացել ամերիկյան HealthTronics ընկերությունից` ամերիկյան հայտնի ուրոլոգ Կարո Դերձակյանի միջնորդությամբ: Վիրահատությունը կատարել են ինքը` Կարո Դերձակյանը եւ Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը:
Լրագրողների հետ զրույցում Կարո Դերձակյանը պարզաբանել է, որ նոր սարքավորումը հատուկ լազեր է օգտագործում, որը շատ արդյունավետ է եւ անվտանգ. այն թույլ է տալիս այրել ավելորդ հյուսվածքները, առանց արյունահոսություն առաջացնելու: Նման լազերներն այսօր մեծ ժողովրդականություն են վայելում ուրոլոգիական վիրաբուժության մեջ, որովհետեւ, նշել է մասնագետը, ամբողջ բժշկությունն այսօր ընթանում է քիչ ինվազիվ միջամտությունների ուղղությամբ, որոնք մեծ կտրվածքներ եւ երկարատեւ հետվիրահատական վերականգնում չեն պահանջում:
Կարո Դերձակյանի խոսքով, նման լազեր կարելի է օգտագործել միզափամփուշտի, միզուղիների, շագանակագեղձի եւ այլ օրգանների վրա ամենատարբեր վիրահատությունների ընթացքում:
«Այս սարքի կիրառության եղանակները կարող են սահմանափակվել միայն իր` բժշկի երեւակայությամբ», – ասել է Կարո Դերձակյանը:
Նոր լազերի օգտագործմամբ առաջին վիրահատությունը կատարել են շագանակագեղձի գերաճ ադենոմայով հիվանդին. շագանակագեղձը ճնշել է միզուղին եւ միզելու դժվարություններ է ստեղծել: Այդպիսի հիվանդներին սովորաբար կարող են կամ երկարատեւ դեղային բուժում առաջարկել (որը մի շարք հակացուցումներ ունի), կամ` վիրաբուժական, որի ընթացքում մասնագետները լազերի օգնությամբ այրում են մեծացած շագանակագեղձի հյուսվածքները` տեղ ազատելով միզուղիների համար:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։