Ի՞նչ անել, եթե կոտրել են ձեր մեյլը. կարևոր խորհուրդներ Սամվել Մարտիրոսյանից
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է մեյլերը ստուգել այս ծրագրով, եթե հայտնաբերեք, որ ձեր մեյլի հետ խնդիր կա, ապա անհրաժեշտ է փոխել ծածկագիրը։ 168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետն ասաց, որ hակերները կոտրում և տանում են այդ բազաներն ու հետագայում հաճախ վաճառքի են դնում, որովհետև, օրինակ՝ սպամ տարածողների համար կարևոր է, որ ունենան մեյլեր ու սպամներ տարածեն։
«Բայց հիմնականում տեսեք՝ ինչի համար են անում. մարդկանց 10-ից 8-ը նույն ծածկագիրը միանգամից շատ տեղերում է օգտագործում, այսինքն՝ նույն ծածկագիրը դնում են mail-ին, twitter-ին, facebook-ին, instagram-ին և այլն։ Օրինակ՝ եթե Yahoo-ից 500 մլն մեյլ են տանում, տանում են նաև դրան կցված գաղտնաբառը։ Հակերը բացում է այդ գաղտնաբառն ու սկսում հերթով փորձել այդ մարդու մյուս անձնական հաշիվների վրա, ու այդպես կարող է բոլորը կոտրել։ Եթե հայտնաբերում եք, որ ձեր մեյլը կոտրել են, պետք է գաղտնաբառը փոխել, ընդ որում՝ չի կարելի նույն գաղտնաբառը երկու տեղ օգտագործել։ Հանցագործների ձեռքում գտնվում է քո գաղտնաբառը, եթե դու այն օգտագործում ես ևս ուրիշ տեղում, այդ ուրիշ հաշիվներն արդեն վտանգի տակ են»։
Բացի տարբեր էջերի տարբեր գաղտնաբառերից՝ մեդիափորձագետն առաջարկում է օգտվել երկփուլային մուտքի տարբերակից, երբ գաղտնաբառից բացի՝ նաև կոդ են հավաքում. «Օրինակ, Facebook-ի դեպքում «Կարգավորումներ» բաժնում դրա հնարավորությունը կա։ Գրեթե բոլոր նորմալ սերվիսներն ունեն երկփուլային մուտքի հնարավորությունը, բայց դու ինքդ պետք է մտնես միացնես։ Ամեն մտնելիս՝ երկրորդ կոդը չեք մուտքագրում, քանի որ ձեր վստահած համակարգիչը հիշում է այն ու ամեն մտնելիս չի հարցնում»։
Հետաքրքրվեցինք՝ նույն պաշտպանվածությունը SMS-ների միջոցով չի՞ ապահովվում, տարբերությունը մե՞ծ է։ «SMS-ով կա նույնը, բայց մի քանի ամիս առաջ Ռուսաստանում դեպք եղավ, երբ այդպես կարողացան կոտրել մի շարք ընդդիմադիրների էջեր, ու պարզվեց, որ բջջային օպերատորների միջոցով այդ SMS-ը վերցրել են։ Դրա համար ավելի հարմար է երկրորդ կոդ ունենալը, որը Facebook-ի դեպքում կա կարգավորումների Code generator բաժնում։ Իսկ Google-ն ունի google authenticator-ը, որը ոչ միայն Google-ի հետ է աշխատում, այլ կարող եք մյուս հաշիվներին էլ կցել, օրինակ՝ իմ Dropbox-ը հենց դրան է կցված։ Եթե ես Dropbox մտնեմ ուրիշ համակարգչից, ապա ինձնից կոդ է ուզելու, որը ես այդ հավելվածով եմ հավաքելու։ Հիմա, եթե իմ հաշվի ծածկագիրը գողանան, մեկ է՝ չեն կարող մտնել, որովհետև չունեն այդ կոդը»,- պարզաբանեց Ս. Մարտիրոսյանը։