Հունգարահայ համայնքը ջանքեր կգործադրի ՀՀ-ի և Հունգարիայի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ
Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Հունգարիայի խորհրդարանում ելույթով հանդես է եկել հունգարահայ համայնքի խոսնակ Տոմաշ Տուրդյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Ալեքս Ավանեսյանը, Տուրդյանն իր ելույթում նշել է, որ չնայած մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետևանքով Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ հարաբերությունների վատթարացմանը, հունգարահայ համայնքը ջանքեր կգործադրի այդ հարաբերությունների բարելավման համար:
Տուրդյանն իր ելույթում նաև պատմական անդրադարձ է կատարել հունգարահայ համայնքի ձևավորմանը` շեշտելով, որ հայերն այդ տարածքում բնակվում են 1000 տարուց ի վեր: Հայերի ևս մեկ ներհոսք ` գրանցվել դեպի Հունգարիա 17րդ դարում, այնուհետև Հայոց ցեղասպանությունից հետո, ինչպես նաև 1988-թ-ի երկրաշարժից հետո:
ՀՀ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, 2012-թ-ի օգոստոսի 31-ին արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ հերոսացվել:
Հայաստանն այս կապակցությամբ կասեցրել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Սաֆարովի արտահանձնումը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել բազմաթիվ պետություններ և միջազգային կազմակերպություններ: