«Կարող է լինել ստատուսային փոխզիջում». Սուքիաս Ավետիսյան

«Հայտարարությունը նորմալ է, այն խնդիրները, որ մենք ունենք՝ տնտեսություն զարգացնելու, սոցիալական խնդիրները փոխելու, անհավասարության որոշ դրսևորումներ ի չիք դարձնելու, նորմալ է: Ուղղակի այդ կառույցները պետք է սերտորեն համագործակցեն իշխանության հետ՝ այդ խնդիրները լուծելու համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով ազգային երեք կուսակցությունների՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմինների Հայաստանի անկախ Հանրապետության 25-րդ տարեդարձի առթիվ հայտարարությունը՝ ՀՀ-ում արտագաղթի կասեցման անհրաժեշտության, Արցախի հարցով որևէ տարածքի հանձնման անթույլատրելիության մասին:

Ըստ Ս.Ավետիսյանի` տարածքների հանձնման հետ կապված խոսակցություններն ավելի շատ դրսից դիտավորյալ ներմուծվող են, քան ռեալ իրականության հետ կապ ունեն. «Բազմիցս ասվել է, որ որևիցե խոսակցություն, որևիցե քննարկում տարածքների հանձնման, փոխզիջման, որևէ բան չի կարող լինել: Մենք ունենք մեկ գերխնդիր. երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչվի՝ որպես այդպիսին, անկախ պետություն, նոր այդ ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Բայց ոչ ոք չի ասել, որ այդ փոխզիջումները լինելու են տարածքային փոխզիջում: Կարող է լինել ստատուսային փոխզիջում, կամ փոխհամաձայնությունների: Տարբեր կարող է լինել: Այնպես որ, ես միշտ արհեստական եմ համարում խոսել տարածքների հանձնման կամ նման այլ գաղտնի բանակցությունների մասին»:

Հիշեցնենք, որ երեկ կուսակցությունների կառույցները կտրականապես դեմ են արտահայտվել ԼՂ խնդրի կարգավորման հարցում «հող՝ խաղաղության համար» հնչեցվող փոխզիջման տարբերակին և հաստատել են, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:

Տեսանյութեր

Լրահոս