
«Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ էլ կհեռանա». Իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար

«Հուշագրում նշված չէ պաշտոնների անուններ, մենք նման պայմանավորվածություն չունենք, պայմանավորվածությունը քանակի վերաբերյալ է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` խոսելով ՀՅԴ-ական նախարարների, մասնավորապես` Արծվիկ Մինասյանի` Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հեռացման մասին:
Ըստ նրա, եթե Ա.Մինասյանը չբավարարեր ներկայացվող պայմաններին, բնականաբար, լրիվ այլ հարցադրում կլիներ: Բաղդասարյանի խոսքով` այսօր մենք ունենք նոր վարչապետ, ձևավորվում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ, իսկ Ա.Մինասյանը կնշանակվի այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմարություն լինի: Դիտարկմանը, որ նոր նախարարները վարչապետի ընկերներն են, Վ. Բաղդասարյանը հակադարձեց. «Հայաստանը փոքր երկիր է, և, հնարավոր է՝ բոլորը մեկը մեկին ընկեր լինեն»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով` դրական է, որ նոր նախարարներն անկուսակցական են: 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ հետագայում նրանք անդամակցեն ՀՀԿ-ին՝ ինչպես նախորդ կառավարության անդամները, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Դա իրենց կամքն է, որևէ մեկի առջև նման պայման կամ պարտադրանք չկա դրված»:
Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի բացակայությունը նախարարությունում իր հաջորդի ներկայացման ժամանակ Վ. Բաղդասարյանը բացատրեց Բեգլարյանի՝ քաղաքում չլինելով: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ պրիմիտիվ գողությունը դադարեցնելու մասին` Վ. Բաղդասարյանը հորդորեց չանձնավորել, որովհետև դա ընդհանուր մթնոլորտի մասին էր և, քանի որ այդտեղ ներկա էին նախարարները, վարչապետը դիմեց նախարարներին, եթե հանրությունը լիներ, հանրությանը կդիմեր: «Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ էլ կհեռանա»,- նկատեց Վ. Բաղդասարյանը:
Մանրամասները` տեսանյութում: