Ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեծանում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի նկատմամբ. Մայա Լոմիձե
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտարարել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը ներքին շուկայի նկատմամբ, տեղեկացնում է vestikavkaza-ն:
Նրա խոսքով՝ աճը վերջին 2 տարում պայմանավորված է ռուբլու դևալվացիայով, բացի այդ՝ բյուջետային հանգստի միջին արժեքը ավելի ցածր է, քան արտերկրում:
Անդրադառնալով հետխորհրդային տիրույթի նկատմամբ ռուս զբոսաշրջիկների հետաքրքրությանը՝ Լոմիձեն հայտարարել է, որ օպերատորների վաճառքի տվյալները վկայում են, որ աճ է նկատվում Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ուղղությամբ:
Նախկինի պես առաջատարը Բելառուսն է, սակայն այնտեղ դինամիկան բացասական է՝ անցած տարվա նկատմամբ, ինչի պատճառը գնաճն է:
Նրա խոսքով՝ մեծ հետաքրքրություն կա Միջին Ասիայի երկրների նկատմամբ, սակայն այնտեղ ուղևորվելը դեռ շատ թանկ արժե:
«Նախկին ԽՍՀՄ երկրների թվից Անդրկովկասը, բացառությամբ Բելառուսի, ցուցադրում է գին-որակ հարաբերակցության առավել հավասարակշռվածություն: Այդ պատճառով այդ տարածաշրջանում պահանջարկը աճում է, ավելանում է փոխադրումների ծավալը, ինչը հանգեցնում է գների նվազման: Դեռ դրական դինամիկան պահպանվում է, սակայն եթե ավիաթռիչքները դեպի այդ տարածաշրջան լրջորեն թանկանան, ապա պահանջարկի նվազում կգրանցվի»,- հայտարարել է Լոմիձեն: