
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Մեքսիկայի ԱԳՆ-ների միջև

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Մեքսիկական Միացյալ Նահանգների ԱԳ նախարարությունների միջև: Խորհրդակցությունները վարում էին ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արման Հակոբյանը և Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարության Եվրոպայի վարչության պետ Ֆրանսիսկո դել Ռիոն:
Քննարկվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, տարբեր միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք մտքեր փոխանակվեցին արդի միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը:
Այցի ընթացքում մեքսիկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Աշոտ Հովակիմյանի և Ռոբերտ Հարությունյանի հետ:
Փոխնախարար Հովակիմյանի հետ հանդիպմանը քննարկվեցին մի շարք տարածաշրջանային հիմնախնդիրներ, այդ թվում՝ վերջին զարգացումները լատինաամերիկյան մի շարք երկրներում, ԼՂ բանակցային գործընթացի շուրջ, ինչպես նաև հայ-մեքսիկական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Փոխնախարար Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ, մասնավորապես՝ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին, գործարար շրջանակների փոխայցելությունների անհրաժեշտությանը, տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ձևավորմանն առնչվող հարցերի: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Մեքսիկայի տնտեսության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ: