
«Արենի 1» քարանձավն ընդգրկվել է զբոսաշրջության զարգացման համար առաջարկվող քարանձավների շարքում

Քարանձավները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու միջոցառումների ծրագրի աշխատանքները շարունակվում են: Սեպտեմբերի 23-ին այս մասին տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Նախարարության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն այցելել էր մարզերում գտնվող քարանձավներ եւ հանդես եկել տարբեր առաջարկություններով այն քարանձավների վերաբերյալ, որոնք պետք է այդ ծրագրում ընդգրկվեն: Օգտագործման համապատասխան չափանիշներ սահմանելուց, մրցույթ հայտարարելուց, ներդրողներ ներգրավելուց, համապատասխան պայմաններ ապահովելուց հետո միայն տվյալ քարանձավը կարող է օգտագործվել զբոսաշրջության նպատակով: Ծրագիրը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաեւ քարանձավների պահպանման խնդիրների լուծմանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մեխակ Ապրեսյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջարկվող քարանձավների շարքում ընդգրկվել են Վայոց Ձորի «Արենի 1» քարանձավը, ինչպես նաեւ Արագածոտնի մարզի քարե դռնավոր քարանձավների խումբը:
Քարանձավները զբոսաշրջության նպատակներով օգտագործելու միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր դեռեւս 2015 թվականին: