Բաժիններ՝

Դեսպան Կիրակոյանը ներկայացրել է կենսունակ պետություն կառուցելու ՀՀ 25­-ամյա առաջընթացը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-­ամյակի առթիվ Վիեննայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 20­-ին Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո հայրապետական խոսքով հանդես եկավ Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը: Պատարագին մասնակցեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21­-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էին ընդունելություն, որին մասնակցեցին Ավստրիայում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպաններ և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական ու հասարական, մշակութային ու գիտակրթական շրջանակների, ինչպես նաև ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում դեսպան Կիրակոսյանը շնորհավորեց ներկաներին անկախության տոնի կապակցությամբ և նշեց, որ, թեև անկախությունը վերագտնելուց ի վեր Հայաստանը բախվեց բազմաթիվ դժվարությունների, այդուհանդերձ կենսունակ պետություն կառուցելու տեսանկյունից շոշափելի առաջընթաց է արձանագրել: Դեսպան Կիրակոսյանն առանձնահատուկ կարևորեց Ավստրիայի և Հայաստանի այլ բարեկամ երկրների աջակցությունը, որի շնորհիվ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին անցյալ քարորդ դարում հաջողվեց զգալի ձեռքբերումներ ունենալ:

ՀՀ դեսպանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի ու բարեկամ Ավստրիայի հարաբերությունները և քաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս համատեքստում դեսպանը կարևորեց նաև Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանի գյուղատնտեսության, կառավարման ապարատի և այլ ոլորտների արդյունավետության բարձրացմանն ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Դեսպան Կիրակոսյանը նաև անդրադարձավ Վիեննայում գտնվող մի շարք միջազգային կազմակերպությունների, հատկապես ԵԱՀԿ-­ի շրջանակներում ծավալվող կարևորագույն գործունեությանը, ինչպես նաև ՄԱԿ-­ի մասնագիտական մի շարք կառույցների, այդ թվում՝ ԱԷՄԳ-­ի, ՄԱԿԶԿ-­ի, ՄՊՀԱՓԿ­-ի շրջանակներում ընթացող արդյունավետ միջազգային համագործակցությանը:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց ավստրիահայ երաժիշտների կողմից հայկական մեղեդիների ջազային մշակումների կատարումներով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս