Բաժիններ՝

Ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության 2 ծառայողներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն և Գ. Տ.-ն: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016թ. հունիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել է Ժորա Չ.-ին, ով նույն պահին իր մոտ է հրավիրել ծանոթ Աշոտ Խ.-ին, և միասին գնացել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժին: Այնտեղ Մովսես Մ.-ն տեսական քննության ընթացքում առանց հարցերին պատասխանելու գնահատվել է դրական: Ավտոմեքենա վարելու գործնական քննության ընթացքում այն ընդունող ոստիկանության ծառայողը համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը:

Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ի հետ կրկին նստել է ավտոմեքենան և այս անգամ արդեն ընդունել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը զգուշացրել է, որ քննությանն ականատես անձանց հետաքրքրվելու դեպքում նրանց հայտնի, թե, իբր, ստացել է բացասական գնահատական:

Վերը նշված պայմաններում Մովսես Մ.-ն գնահատվել է դրական ու նույն օրը ստացել վարորդական վկայական:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել Ժորա Չ.-ին և Աշոտ Խ.-ին՝ պաշտոնատար անձանց կաշառքի միջնորդություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս