
Շարմազանովը առաջնահերթություն է համարում անվտանգության կայուն համակարգ ունենալը

Հայկական բանակի սպառազինության և տեխնիկական համալրվածության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դրա վառ ապացույցը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթն է: Բնականաբար, մենք դրական ենք գնահատում իրականացված աշխատանքը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա հավելեց, որ ինքը մեկ անգամ չէ նշել, որ Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է երկարաժամկետ ու կայուն անվտանգության համակարգ ունենալը: «Առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական համակարգի բարեփոխումների, ոչ համակարգային բարեփոխումների մասին», եզրափակեց Շարմազանովը: