Բեյրութում ՀՀ անկախության 25­-ամյակին նվիրված միջոցառմանը ներկայացվել են հայ գեղանկարիչների ստեղծագործություններ

Բեյրութի «Փյունիկիա» հյուրանոցի «Բիբլոս» մեծ հանդիսասրահում սեպտեմբերի 21­ին տեղի է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25­-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին Լիբանանի վարչապետի ներկայացուցիչ, աշխատանքի նախարար Սեժան Ազզին, խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Բասսեմ Ալ Շաբը, Լիբանանի կառավարության և խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, բանակի գեներալներ, Բեյրութում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս­պատրիարք Գրիգոր Պետրոս 20-­րդը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, տարբեր եկեղեցիներ ներկայացնող հոգևոր առաջնորդներ, հայ համայնքի կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն իր ելույթում ներկայացրեց դարեր շարունակ անկախության նվիրական ձգտումով պայքար մղած և 25 տարի առաջ իր անկախ պետականությունը վերակերտած հայ ժողովրդի անցած դժվարին ուղին և անկախությունից հետո արձանագրված ձեռքբերումները՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների անցկացմանը, տնտեսության վերականգնմանը և միջազգային հարթակում վստահելի գործընկերոջ կերպարի կերտմանը: Դեսպանը խոսեց անկախ Հայաստանի կողմից դիմագրավված մատրահրավերների մասին, ներկայացրեց նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հայ­լիբանանյան բարեկամության համատեքստում՝ ՀՀ դեսպանը հատուկ ընդգծեց Լիբանանի և լիբանանցի ժողովրդի՝ հայության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքը՝ նշելով, որ Լիբանանն այն բացառիկ երկրներից է, որ մեկ դար առաջ հյուրընկալեց ցեղասպանությունից փրկված հայության բեկորներին՝ բոլոր անհրաժեշտ պայմաններն առաջարկելով ոչ միայն լիբանանյան հասարակությանը ինտեգրվելու, Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն հայտնեց Լիբանանի կառավարությանն ու ժողովրդին՝ մաղթելով մարտահրավերների և խնդիրների շուտափույթ և խաղաղ լուծում:

Ընդունելության ընթացքում հնչեցին հայկական երգերի կատարումներ, ներկայացվեցին հայ գեղանկարիչների ստեղծագործություններ»:

Տեսանյութեր

Լրահոս