Բաժիններ՝

«StartUp Nation Հայաստանի տեսլականը». Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Առաջադեմ ազգին բնորոշելու համար զարմանալի դիպուկ արտահայտություն լսեցի վերջերս` Startup nation, և վերաբերում էր այն Իսրայելին: Ավելի ստույգ՝ հենց իսրայելցիներն են իրենց այդպես անվանում՝ ոչ միայն ինքնանույնականացման նպատակով, այլև նշաձող սահմանելու: Այդ սահմանումը նշանակում է, որ հավաքական հանրային ուժը պաշտպանում է միայն այն գաղափարները, գործողություններն ու քայլերը, որոնք միտված են պրոգրեսի, և հակառակը՝ հանրությունը արմատապես ժխտում է ցանկացած մեկին, ով իր կերպարով և գործունեությամբ չի մարմնավորում ազգի՝ դեպի զարգացում տանող ընթացքը:

Անցյալով ապրող, առավելևս՝ անցյալով տառապող ազգը այսօրվա աշխարհում որևէ շանս չունի. անցյալի կամ ներկայի տառապանքները (անգամ մի ողջ ազգի) բացարձակապես ոչ ոքի չեն հետաքրքրում, ավելին՝ տառապանք մարմնավորող ազգի նկատմամբ դրսևորվում է համատարած խուսափողականություն՝ «ձեր շառն էլ, ձեր փորձանքն էլ» մոտեցմամբ: Աշխարհը այսօր կարոտ է նոր հաջողության սակավաթիվ պատմությունների, ագահաբար ուսումնասիրում և դաս է քաղում յուրաքանչյուր նման պատմությունից, առաջադեմ աշխարհը գիտակցում է. եթե չշարժես հանրության ստեղծագործ ներուժը՝ կկործանվես:

Մեր նորօրյա քսանհինգամյա պատմության մեջ երկրորդ անգամ կառավարման ղեկը հանձնվում է պրոֆեսիոնալներին, ավելի ճիշտ՝ երկրորդ անգամ պրոֆեսիոնալները կանչվում են կառավարման, և լավ կյանքից չէ որ կանչվում են. չանդրադառնամ տնտեսական անկումնային վիճակին, ասեմ առավել կարևորը. մենք կորցրել ենք պրոգրեսը՝ որպես հավաքական հանրության տեսլական, ձանձրալի և անհետաքրքիր ենք դարձել աշխարհին՝ մեր հնադարյան ռեֆլեքսներով ու կերպարներով:

Հաջողություն եմ մաղթում ձևավորվող Կառավարությանը՝ առաջին հերթին այս կարծրատիպը ջարդելու գործում, բայցև զգուշացնում. առանց սեփական քաղաքական օրակարգը ձևավորելու ոչինչ չի ստացվի: Արհեստավարժների այս երկրորդ թիմը մի հսկայական առավելություն ունի առաջինի նկատմամբ. ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ, ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴԸ, որը բնազդաբար կա և կլինի այս նոր թիմի կողքին:

Եվ ուրեմն՝ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ STARTUP NATION ՀԱՅԱՍՏԱՆ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս