Կարեն Կարապետյանը` Լևոն Մկրտչյանին. «Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ»

«Վաղվա Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պետք է տեսնենք կիրթ, և երբ թիմը վերջնական ձևավորվի, յուրաքանչյուր նախարարի հետ իր ոլորտի մասին կխոսենք»,- այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` դիմելով ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին:

Վերջինս ներկայացնում էր «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշումը:

Կ.Կարապետյանը հետաքրքրվեց, թե այդ որոշմամբ ի՞նչն է փոխվում կառավարման և կանոնների մեջ, սակայն Մկրտչյանի պատասխանները, թե՝ ինստիտուտները ՊՈԱԿ-ներ էին, հետո ձևավորվեցին հիմնադրամներ, որ ավելի ազատ լինեն ֆինանսավորման մեջ, կրկին չբավարարեցին վարչապետին:

«Ի՞նչ թույլ չի տալիս այսօրվա կառավարման համակարգը, որ թույլ է տալիս առաջարկվողը»,- հարցը վերաձևակերպեց Կ.Կարապետյանը:

Լ.Մկրտչյանը մանրամասնեց, որ կառավարումն է փոխվում, հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ, և լուրջ աշխատանքի պարագայում՝ կարող են իրականացնել լուրջ ֆինանսավորում, ներդրումներ անել և համագործակցել, և աշխարհում ընդունված ձև է:

«Որ ասեմ՝ ամեն ինչ լավ պատկերացրի՝ ինչ ասացիք, չէ, բայց եկեք ընդունենք, հետո վերանայենք,- ընդառաջ գնաց վարչապետը և հավելեց,- Մենք բազմաթիվ քայլեր ենք անում կիսատ-պռատ, համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես չեմ ուզում Ձեր որոշումը հիմա կանգնացնեմ, բայց եթե ինքներդ վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանե՞նք»:

Լ.Մկրտչյանը հայտարարեց, թե որոշումն անհրաժեշտ է, կեսն արվել է, կեսը չանելը ճիշտ չի լինի, իսկ բուհական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի, քանի որ այն համակարգը, որ կա, ուղղակի հարվածում է կրթական համակարգին:

«Ընդունում ենք, բայց մի քանի հայտանիշ կամ պրինցիպ կա, որ պետք է օգտագործենք` եթե մինչև վերջ վստահ չենք, որ ինքը լավագույնն է, չենք բերում: Ավելի լավ է՝ չանել, քան կիսատ անել»,- ասաց Կ.Կարապետյանը:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նկատեց, որ հիմնադրամն ընդունված և կառավարման ճիշտ տարբերակն է:

«Ընդունված է, բայց ոչ բավարարված,- հայտարարեց վարչապետը և լսելով, որ Կրթության մասին օրենքը հոկտեմբերի 1-ին դրվելու է քննարկման՝ հավելեց,- Դե եթե հոկտեմբերի մեկին օրենք եք բերում, այսօր սեպտեմբերի քսանքանիսն է, ինչո՞ւ եք հիմա բերել այս որոշումը»:

Տեսանյութեր

Լրահոս