«Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին». Կարեն Կարապետյան

«Պետք է ստեղծենք մի համակարգ, որպեսզի մոտիվացնենք քաղծառայողներին: Առաջարկությունս հետեւյալն է՝ ճիշտ կլինի, եթե մեր գործընկերները տան առաջարկներ, թե մոտիվացիայի ինչ գնահատական ունեն իրենց ոլորտի վերաբերյալ՝ այն հնարավորությունների շրջանակներում, որ ունենք»:

Այսօր կառավարության նիստում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կատարողականների գնահատման համակարգի օբյեկտիվության աստիճանի բարձրացման համար նախատեսվող փոփոխությունները, աշխատողների համար գնահատման բարեփոխված համակարգը: Ըստ նրա` ներկայումս կատարողականների գնահատման համակարգը լիովին չի արտացոլում աշխատողների կատարած աշխատանքի արդյունքը, գնահատականները գրեթե չեն տարբերվում միմյանցից, որի պատճառով գերազանց արդյունավետությամբ աշխատանք կատարող աշխատակցի կատարողականը գրեթե չի տարբերվում ցածր արդյունավետությամբ աշխատանք կատարող աշխատակցի կատարողականից:

Դ.Հարությունյանի խոսքով` առաջարկվում է կատարողականների գնահատման սանդղակում գնահատականները ներկայացնել առավել ճկուն տիրույթով, նաև ղեկավար աշխատողների կատարողականների ընդհանուր գնահատականը որոշել ոչ միայն անմիջական ղեկավարի կողմից տրված գնահատականի, այլ նաև իր ենթակա աշխատողներին գնահատելու միջոցով, արդյոք նա կարողանո՞ւմ է տարանջատել լավ և վատ աշխատողներին:

«Չեմ կարծում, որ այս համակարգն իդեալական է: Ամենաբարդ խնդիրը` կոռուպցիայի դեմ պայքար, արդյունավետ կառավարում և այլն, պետք է ստեղծել մի համակարգ, որ մոտիվացնի, այսինքն` այն աշխատողը, որ ցանկանում է ծառայել իր երկրին, պետք է մոտիվացվի»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով նախարարներին` տալ առաջարկներ, թե ինչպես են տեսնում իրենց աշխատողին մոտիվացնելու հնարավորությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս