ՀՀ Նախագահը 25-ամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումն անկախության սերունդն է համարում
Հայաստանի անկախ պետականության քառորդարյա հոբելյանը հայ ժողովուրդը նշում է բաց ճակատով՝ անցնելով դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված տոնական համերգի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ ճանապարհի մեկնարկին ի՞նչ ունեինք. երկիր, որի 1/3-ը բառի ուղղակի իմաստով հողին էր հավասարված աղետալի երկրաշարժի հետևանքով: Մարդիկ ապրելու տեղ չունեին, էլ չեմ խոսում աշխատանքի մասին: Եվ այդ պայմաններում հարևան երկրից ընդունել էինք հարյուր հազարավոր փախստականների:
Ավելին՝ կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին: Մենք մեկնարկեցինք էներգետիկ ճգնաժամի և շրջափակման պայմաններում: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից, թերևս, ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ, բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը»,- նշեց նախագահը:
ՀՀ Նախագահը հավելեց, որ հայ ժողովուրդը բոլոր փորձությունները հաղթահարեց իրեն հատուկ տոկունությամբ, իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խիզախությամբ, հնարավորություններ գտավ պաշտպանելու Հայաստանն ու Արցախը՝ զարգացնելով տնտեսությունն ու հասարակական կյանքը: «Ինձ համար 25ամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը, ասել եմ և նորից կրկնում եմ, անկախության սերունդն է:
Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլև պատիվ: Նոր սերունդ, որը բաց է աշխարհի առաջ և կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները, նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է և դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքները, սերունդ, որի համար ազատության և ժողովրդավարության սկզբունքները մտածողության և աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որը չի հանդուրժում և չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների և ազատությունների սահմանափակման որևէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որը պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար և կռվում է առյուծի նման»,- ասաց Նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կարելի է մի շենք ավելի կամ պակաս կառուցել, բայց մեզ համար ամենակարևորը մրցունակ և հաջողակ հասարակություն կառուցելն է, մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, ովքեր վաղը ներկայացնելու են այս հասարակությունը: «Ավելին, արդեն այսօր նրանք ներկայացնում են այս հասարակությունը՝ դրանով իսկ փառք բերելով մեր երկրին: Ինչպես չհպարտանանք այն երեխաներով, որ յուրաքանչյուր տարի մեդալներ են շահում դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում: Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ, ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնում ե՞ք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին:
Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում, ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում:
Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը:
Ինչո՞ւ է ինձ համար սա ամենակարևորը. պետությունը գործիք է, որը պիտի ծառայի մարդուն և ոչ հակառակը: Անկախության սերունդը ցանկանքում է բարեփոխել այդ գործիքը: Նա ճիշտ ճանապարհի վրա է. մենք գնում ենք ժողովրդավարական կայունություն կառուցելու շատ բարդ, բայց ամենահեռանկարային ճանապարհով»,- նշեց նախագահը: