ՀՀ անկախության 25-­ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է. Դավիթ Բաբայան

Հայաստանի Հանրապետության 25-­ամյակին նվիրված շքերթը խաղաղության ուղերձ է: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս շքերթը իր մեջ խորհուրդ է պարունակում և այդ խորհուրդը խաղաղության ուղերձն է: Խաղաղություն, որը ցույց է տալիս, որ մենք խաղասեր ենք` ո՜չ թե նրա համար, որ մենք վախենում ենք պատերազմից և ի վիճակի չենք մեզ պաշտպանելու, այլ ընդհակառակը, որ սա պարզապես բարի կամքի դրսևորում է: Խաղաղությունը մեր աշխարհընկալման մեջ է: Եթե հակառակորդը փորձ անի խաղաղությունը խաթարելու, կստանա ուժգին հակահարված: Այս ուղերձը և՜ աշխարհը, և՛ Ադրբեջանը պետք է ընդունեն, որպես խաղաղության ուղերձ»,-­ ընդգծեց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձեց տարբեր տեխնոլոգիաներ կիրառելով պառակտել հասարակությունը, սակայն դա նրանց չհաջողվեց: «Ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչները սուտ լուր տարածելով տարբեր սոցիալական ցանցերում, փորձում էին նսեմացնել հայ ժողովրդի հաղթանակը: Իհարկե, սա ցանկացած ագրեսորի, հանցագործի և ավազակի պահվածք է, որ իր անհաջողությունը փորձում է ցույց տալ այլ ձևով»,-­ եզրափակել է Բաբայանը:

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-­ին կայացավ ՀՀ անկախության 25-­ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

Տեսանյութեր

Լրահոս