Տիգրան Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում եւ ոսկե մեդալ է ստացել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսների, ասպիրատների եւ ուսանողների առջեւ, համալսարան, որը նա ինքն ավարտել է ավելի քան 30 տարի առաջ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւը ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին հանձնել է ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան եւ ոսկե մեդալ:
«Ինձ համար մեծ պատիվ է բարձր կոչման արժանանալ հարազատ համալսարանում, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը պարգեւատրումից հետո:
«Որպես տնտեսագետ, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն է Եվրամիությունից հետո»,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ տարածաշրջանային միավորումների ձեւավորումը դարձել է համաշխարհային տնտեսության կարեւորագույն թրենդներից մեկը, որն ակտիվորեն թափ է առնում:
Իգոր Մաքսիմցեւը շնորհակալություն է հայտնել ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին ելույթի համար եւ խնդրել է հիշատակի գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում: