
Մոուրինիո-Ռունի հակամարտությունը կարող է հնարավորություն լինել Մխիթարյանի համար. նա կխաղա «Լեսթերի» դեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն լուրջ խնդիրներ ունի ֆուտբոլիստների հետ: Վերջին օրերին այս մասին ակտիվորեն խոսում է անգլիական մամուլը:
Մոուրինիոյի թիմը պարտվել է արդեն 3 խաղ անընդմեջ և չի կարելի ասել, որ հաղթած խաղերում թիմը հանդես է եկել վստահ խաղով: Ըստ անգլիական մամուլի՝ Ժոզեն չի կարողանում կարգավորել թիմի ներքին լարվածությունը և համերաշխ լինել թիմի աստղերի հետ: Մոուրինիոյի թիրախը հատկապես թիմի հնաբնակ Ուեյն Ռունին է:
Ժոզե Մոուրինիոն առհասարակ չի հավանում հարձակվողների խաղը: Ներքին խնդիրների և լարվածության պատճառով Ռունին, ամենայն հավանականությամբ, չի խաղա «Լեսթերի» հետ խաղում: Այստեղից կարելի է ենթադրել, որ ամբողջությամբ վերականգնված լինելու դեպքում՝ Ռունիին կփոխարինի Մխիթարյանը:
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև հեղինակավոր Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լաքհերստը: Ըստ նրա՝ Մխիթարյանը կխաղա «Լեսթերի» դեմ խաղում: Նա կլինի մեկնարկային կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 15:30-ին:
Սիրարփի Աղաբաբյան