
«Եթե այսօր երկրի հետ կապված որոշումներ կայացնելիս մարդիկ ելնեն իրենց անձնական, խմբակային շահերից՝ կործանվելու են բոլորը». Կարինե Նալչաջյան

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեց անկախության՝ որպես արժեքի մասին, մասնագիտական ընդարձակ անդրադարձ կատարելով նաև երկրի ներկա ծանր իրավիճակին և դրանից դուրս գալու ելքերին:
Անկախության նախորդող օրը, ըստ հայտնի հոգեբանի, պետք է նայել միայն ներկային և ապագային՝ ո՞ւր է գնում մեր երկիրը.
«Նրբագույն վերլուծությունների ժամանակն է: Եթե այսօր երկրի հետ կապված որոշումներ կայացնելիս հանկարծ մարդիկ ելնեն իրենց անձնական, խմբակային շահերից՝ կործանվելու են բոլորը: Ես, իհարկե, չեմ ուզում կործանման տրամադրություններ ստեղծել, բայց պետք չէ մոռանալ, որ ամբողջ աշխարհն է այսօր խորը ճգնաժամի մեջ հայտնվել, այդ թվում՝ նաև մեր Հայրենիքը, որովհետև մենք այդ աշխարհի մասնիկն ենք: Այսօր Հայաստանն ապրում է երկու տիպի ճգնաժամեր՝ էնդոգոն և էգզոգեն, ներքին և արտաքին ժգնաժամեր, որը մեզ հուշում է մեր բավականին բարդ իրավիճակի մասին: Խնդիրը տարածվում է մեզանից յուրաքանչյուրի վրա, և հետևաբար՝ խնդրի լուծման համար պատասխանատու ենք մենք և մեզանից յուրաքանչյուրը՝ յուրովի»:
Մենք ունենք բաղձալի անկախությունը, որը, սակայն, շատ լավ գիտենք՝ կանգնած է բազմաթիվ դժվարին՝ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ, հետևաբար՝ անդրադարձը ճգնաժամի թեմային, ըստ բանախոսի, նույնիսկ նախատոնական օրն անխուսափելի է. «Այո, իրավիճակը ճգնաժամային է, ընդ որում, այդպես է ամբողջ աշխարհում՝ ողջ աշխարհն այսօր ապրում է քաղաքակրթական ճգնաժամ: Միջառարկայական շատ լուրջ հետազոտությունների արդյունքում հարց է առաջացել՝ ո՞ւր է գնում աշխարհը: Քաղաքակրթական բազմաթիվ ճգնաժամեր եկել-անցել են մարդկության ստեղծման ամենավաղ փուլերից սկսած՝ մինչև մեր օրերը: Մաթեմատիկական, ֆիզիկական, կենսաբանական հաշվարկները հանգել են այն եզրակացության, որ մենք ապրում ենք քաղաքակրթական հերթական ճգնաժամը, որն իր գագաթնակետին է հասնելու 21-րդ դարի կեսին: Պլաներատար քաղաքակրթությունը հասնելու է մի այնպիսի փուլի, որը նույնիսկ դժվարությամբ ենք պատկերացնում: Ի դեպ, քաղաքակրթական ճգնաժամերի փորձը ցույց է տվել, որ նախորդ փուլում հզորները կորցրել են իրենց հզորությունը, և հանկարծ քաղաքակրթության տերն է դարձել աննշան, չերևացող իր գոյությունը մի կերպ քարշ տվող կենսաբանական տեսակը: Գաղտնիք չէ նաև, որ եղել են քաղաքակրթության տեսակներ, որոնք իսպառ վերացել են երկրի երեսից»:
Այնուամենայնիվ, լինել թույլ, բանախոսի հավաստմամբ, դեռ չի նշանակում, որ ճգնաժամից հետո պետք է վերանաս:
«Մասնագետները խոսում են երկու տիպի՝ արդյունավետ և անարդյունավետ ճգնաժամերի մասին: Առաջինը գահավիժումն է, կենսաբանական տեսակի ավարտը, արդյունավետ ճգնաժամը թեև, անկասկած, վտանգներ է պարունակում, բայց դրանից շահած դուրս գալու համար ունի հարյուրավոր ելքեր: Մեզ՝ հայերիս, այս փուլում անհրաժեշտ են շատ լավ վերլուծաբաններ ու հետազոտողներ, որպեսզի հասկանանք՝ ճգնաժամային ի՞նչ փուլում ենք հայտնվել մենք, ի՞նչն է մեզ սպառնում, և աշխատանքներ կատարենք հենց այդ ուղղություններով, որպեսզի ճգնաժամից հաղթողի, նույնիսկ թռիչք ապրողի կարգավիճակով դուրս գանք»,- նշեց հոգեբանը:
Անդրադառնալով հոգեբանության մեջ հայտնի՝ լեզվաբանական հարաբերականության տեսությանը, հոգեբան Կարինե Նալչաջյանն ընդգծեց.
«Այն լեզուները, որով մենք խոսում և մտածում ենք, թելադրում են մեր վարքը: «Ճգնաժամ» բառի կապակցությամբ՝ արևմտյան երկրներում, օրինակ, «կրիզիս» տերմինը երկու իմաստ ունի՝ կտրուկ շրջադարձ և որոշում ընդունելու, ընտրություն կատարելու պահ: Արևելյան լեզուներում «ճգնաժամ» բառը նախ և առաջ՝ նշանակում է՝ վտանգ և հնարավորություն, ընդ որում՝ «հնարավորություն» իմաստը բավականին շեշտված է: Հայերենում «ճգնաժամ» բառի բառացի վերլուծությունը նշանակում է՝ ճգնելու ժամ: Իհարկե, տառապանքի, դժվարության ֆակտորը կա, բայց մենք գիտենք, որ ճգնելու վերջում մենք այնուամենայնիվ ինչ-որ նպատակ ենք դնում: «Ժամ» բառն արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ ամենը, ի վերջո, ժամանակավոր է»: